Ստալինյան բռնաճնշումների թեմայով ցուցահանդես կանցկացվի. Հ. Խառատյանի խոսքով՝ ցուցահանդեսը քննարկման նյութ չի դարձել

18:44 • 18.09.17

Հայաստանում Խորհրդային բռնաճնշումների թեմայով սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 13-ը Հայաստանի Ազգային գրադարանում կանցկացվի «Հակախորհրդայինները» խորագրով ցուցահանդեսը: Tert.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչներից Հրանուշ Խառատյանը նշեց, որ «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ի՝ Ազգային արխիվի հետ միասին կազմակերպած ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00 –ին:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ պատրաստվում են, անընդհատ  փաստաթղթեր են վերցնում, մերժում և երբեք անցկացման խնդիրը քննարկման նյութ չի դարձել: 

«Չգիտեմ ինչու է նախորդը արգելվել, մենք վաղուց ենք պատրաստվում, ոչ ոք մեզ ոչինչ չի ասել: Այսպես ասեմ՝ մեզանով շատ չէին հետաքրքրվում, միայն աղմուկից հետո սկսեցին հետաքրրքվել, մենք էլ բացատրեցինք, որ մենք փաստաթղթերով, պրոֆեսիոնալ ցուցադրության ենք պատրաստվում և զգայական մաս չկա մեզ մոտ:  Այսինքն՝ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ընդամենը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու ցուցադրության նյութը: Ներկայացվեց՝ ինչ է լինելու և դրանից հետո ոչ մի փոփոխություն չի եղել, իրենք այլ քայլ չեն ձեռնարկել, և Մշակույթի նախարարության հետ չի քննարկվել այլ հարց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանում օգոստոսին ներկայացվել էր «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Ցուցադրությունը, սակայն, մշակույթի նախարարության հրահանգով ժամանակից շուտ՝ 22 օր անց փակվել է, իսկ թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մի շարք սպառնալիքներ է ստացել ցուցադրությունը նախաձեռնելու համար: Թեման բավական մեծ հանրային հնչեղություն էր ստացել:  

Թե ինչպես է ստացվել, որ իրենց դեպքում արձագանք չկա, մինչդեռ նախորդը ժամանակից շուտ փակվել է, Հրանուշ Խառատյանը մեկ ենթադրություն ունի՝ Մշակույթի նախարարության նման արձագանքը Թումանյանի թանգարանի դեպքում չկողմնորոշվածության արդյունք էր:

«Ենթադրում եմ, որ գուցե մեկ, երկու «բոլշևիկներ» բողոքել են և հնարավոր է նրանք էլ, չունենալով որևէ դիրքորոշում խնդրի վերաբերյալ, հենց առաջին արձագանքից հետո իրենք էլ արձագանքել են նույն հապճեպությամբ՝ առանց մտածելու»,- ասաց նա:

Խառատյանը նույնիսկ  չի հավատում այն կարծիքին, որ ՌԴ դեսպանատունն է միջամտել, որպեսզի այդ ցուցահանդեսը փակվի, քանի որ անձամբ փորփրել ու համոզվել է, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի թեմայով դեռ 2015թ-ին ՌԴ-ն պետական ահռելի ծրագիր է իրականացրել:

«ՌԴ-ն իր պետական բյուջեից ահռելի գումար է դրել ցուցահանդեսների, գրքերի հրատարակչության, ուսումնասիրությունների, վերլուծությունների, իրավական ակտերի  պատրաստման վրա: Այսինքն՝ ՌԴ-ում սա լուրջ պետական ծրագիր է վաղուց: Իրենք  հատուկ նախապատրաստվել էին և 2015թ-ին հատուկ շեշտել են, որ նախապատրաստվում են 2017-ին՝ 1937թ-ի ԽՍՀՄ քաղաքական բռնությունների զոհերի թեմայով 80-րդ  տարելիցին և 17-ին բոլշևիկյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ: Դրանից հետո երկու տարում լրացուցիչ շարունակվելու է  հիշողության  դաշտի ձևավորումը քաղաքական բռնությունների նկատմամբ»,-ասաց նա:

«Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ նախագահի խոսքով՝ ՀՀ-ում քաղաքական բռնությունների թեման դեռևս հասարակական հնչեղություն չունի, և պետությունն էլ, ըստ էության, պաշտոնական ծրագիր չունի այդ հարցի հետ կապված:

Ի դեպ, Հրանուշ Խառատյանն իր Facebook-ի էջում դիմել էր Հայ առաքելական եկեղեցուն, թե արդյոք չի՞ ցանկանա տարվա մեջ մեկ օր պատարագ մատուցել այս զոհերի հոգու հանգստության համար:

«Ասենք՝ դեկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման օրը: Ի վերջո, ԽՍՀՄ քաղաքական բռնություններին Հայաստանում նույնպես զոհ են գնացել բազմաթիվ հոգևորականներ՝ չխոսելով արդեն խեղդամահ արված կաթողիկոսի մասին:  

04.11.1937թ. - 301 մարդ
15.11.1937թ. - 308 մարդ
02.12.1937թ. - 490 մարդ
05.12.1937թ. - 224 մարդ
25.02.1938թ. - 239 մարդ
28.02.1938թ. - 456 մարդ
02.03.1938թ. - 222 մարդ

Նշված 7 օրերը Հայաստանում ամենաարյունալիներն էին Մեծ Տեռորի ընթացքում. 1936-1939թթ. գնդակահարման դատապարտված 4139 մարդկանց կեսից ավելիի՝ 2240-ի գնդակահարման վճիռը կայացվել է այս 7 օրերի ընթացքում։ Վճիռը հետևյալն էր՝ «Р А С С Т Р Е Л Я Т Ь, лично ему принадлежащее имущество - конфисковать.»: Նույնիսկ ճակատամարտերում հազվադեպ է մեկ օրվա ընթացքում 490 մարդ զոհվում: Սրանք մեկ օրվա մեջ ինչպե՞ս են այդքան մարդ գնդակահարել, քանի՞ հոգով են իրականացրել, ի՞նչ տեսակ մեքենա է եղել այդ մարդկային մարմնի մեջ պարփակվածը, ինչպե՞ս է հետո տուն գնացել և իր երեխաներին հանդիպել, ինչպե՞ս է հաց կերել: Ի՞նչ են արել այդ մարդկանց դիերը: Գուցե մեկը հետո նրանց ոսկորների վրա տու՞ն է կառուցել: Գուցե ռեստորա՞ն:

Պետք չէ՞ արդյոք կառավարությանն առաջարկել գտնել նրանց թաղման վայրերը և որևէ կերպ հատկանշել, գուցե մակագրությամբ հուշաքարով կամ մատուռով: Կարո՞ղ է արդյոք մեր երկրի եկեղեցաշինարարներից մեկը ուզենա այս անմեղ մարդկանց թաղման վայրում եկեղեցի կառուցել:

Արդյոք Հայ առաքելական եկեղեցին չի՞ ուզենա տարվա մեջ մեկ օր պատարագ մատուցել այս զոհերի հոգու հանգստության համար: Ասենք՝ դեկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման օրը»,-գրել էր նա:

 

 

 

 

 

Ստալինյան բռնաճնշումների թեմայով ցուցահանդես կանցկացվի. Հ. Խառատյանի խոսքով՝ ցուցահանդեսը քննարկման նյութ չի դարձել