Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող փաստաթղթերից մի հատված այսօր փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին (տեսանյութ)

12:54 • 19.09.17

Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող փաստաթղթերից մի հատված այսօր փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին. արժեքավոր փաստաթղթերը թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:

Վերջինինս խոսքով՝ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ թվով փաստաթղթեր կան, և այսօր մի մասը հանձնվում է Հայոց ցեղասպանության թանգարանին: Նա շեշտեց, որ այս պահին փաստաթղթերի մի մասն է թվայնացվել, իսկ մյուս մասի վրա մասնագետներն աշխատում են:

«Այս պահին փաստաթղթերի մի մասի վրա աշխատում են մասնագետները, և համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դրանք ևս կհանձնվեն թանգարանին: Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Գիտեք, փաստաթղթերը շատ են, ես հստակ քանակը չգիտեմ: Մասնագետները հիմա դրանց մի մասը հետազոտում են, առանց հետազոտման չեն կարող որևէ բան հանձնել Ցեղասպանության թանգարանին: Սրանք նոր փաստեր են, դեռ աշխատանք կա, դեռ պետք է թարգմանվեն»,- ընդգծեց Հակոբյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ, անդրադառնալով փաստաթղթերի բովանդակության ու արժեքավորությանը, նշեց, թե դեռևս հստակ գնահատական տալ չի կարող՝ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ փաստաթղթերն Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են, ինչն արդեն իսկ հուշում է փաստաթղթերի կարևորության մասին:

«Խոսքն այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում, ուսումնասիրություններում»,- ընդգծեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:



ՀեղինակԱնի Օհանյան
Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող փաստաթղթերից մի հատված այսօր փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին (տեսանյութ)