Ուկրաինացի երգչուհին Թուրքիայի օդանավակայաններից մեկում խնդիրների է բախվել երիտասարդ տեսք ունենալու պատճառով
Ուկրաինացի հայտնի երգչուհի Նատալյա Ձենկիվը, որն առավել հայտնի է Lama կեղծանունով, Թուրքիայի օդանավակայաններից մեկում խնդիրների է բախվել երիտասարդ տեսք ունենալու պատճառով, այս մասին հայտնում է РИА Новости Украина-ն:
Instagram-ի իր էջում ուկրաինուհին հրապարակել է Թուրքիայի լողափերից մեկում արված իր լուսանկարն ու դրան կից պատմել իր գլխին եկածը: Բանն այն է, որ անձնագրում տեսնելով նրա ծննդյան տարեթիվը՝ օդանավակայանի թուրք աշխատակիցները չեն հավատացել, որ երգչուհին իսկապես 41 տարեկան է, և կարծել են, թե զբոսաշրջիկը փորձում է ներկայանալ կեղծ փաստաթղթերով:
«Իմանալով, թե ինչի համար են ինձ կանգնեցրել՝ ես ծիծաղեցի. պատճառն անձնագրումս նշված տարիքն էր: Ես արդեն սովոր եմ, որ ինձ հաճոյախոսություններ են անում արտաքինիս հետ կապված, սակայն չէի ենթադրում, որ դա կարող է մի օր ձերբակալության պատճառ դառնալ», - գրել է երգչուհին:
Իրավիճակը հարթել են Lama-ի երկրագուները, որոնք ճանաչել են նրան օդանավակայանում և սկսել ինքնագրեր վերցնել նրանից:










