Ինչու Վլադիմիր Մենշովը որոշեց նկարահանել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը. նկարահանման մանրամասները՝ ֆոտոշարքով

16:03 • 21.09.17

Ռեժիսոր Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» (Москва слезам не верит) սիրված ֆիլմը հետաքրքիր նախապատմություն ունի: Ֆիլմի նկարահանման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել սովորական զարթուցիչը, որը ծանոթ է Խորհրդային միությունում ապրած մարդկանց:

Big Picture-ը գրում է, որ հենց Կատերինայի՝ զարթուցիչ դնելու, 20 տարի քնելու և որպես ամբողջովին այլ կին արթնանալու  գաղափարն է գրավել ռեժիսորին:

Հայտնի է, որ գրող Վալենտին Չերնիխը գրել է ֆիլմի սցենարը Մոսկվայի մասին սցենարների մրցույթի շրջանակներում. նա հորինել է պատմությունն ընդամենը 19 օրում: Նա շտապել է, քանի որ ժամանակը սուղ է եղել:

«Մոսֆիլմ» կինոստուդիան համարյա միանգամից գնել է սցենարը: Վալենտին Չերնիխի կինը՝ Լյուդմիլան, որպես ռեժիսոր է առաջարկել Վլադիմիր Մենշովին:

 



 

 

Սկզբում Մենշովը ցանկացել է հրաժարվել առաջարկից, սակայն նրան հետաքրքրել է օրիգինալ սցենարը, որը բաժանել է ֆիլմը երկու մասի. գլխավոր հերոսուհին քնում է որպես չկարգավորված կյանքով աղջիկ և արթնանում զարթուցիչի զանգից որպես հասուն և հաջողակ կին:

 

 

Սակայն զարթուցիչից և մի շարք այլ մանրուքներից բացի՝ ռեժիսորը սցենարում չի հավանել համարյա ոչ մի բան: Սցենարը դուր չի եկել նաև նրա ընկերներին. մեծամասնությունը խորհուրդ է տվել չնկարահանել այդ ֆիլմը, քանի որ նորաձև չի համարել սյուժեն: Եվ նույնիսկ ռեժիսորի կինը՝ ֆիլմի ապագա գլխավոր դերակատար Վերա Ալենտովան, կարդալով սցենարը, հիմարություն է անվանել այն:

 

 

Նկարահանումների մեկնարկից առաջ Վլադիմիր Մենշովն առաջարկել է Վալենտին Չերնիխին մի քանի փոփոխություն անել սցենարում: Վերջինս համաձայնել է ուղղումներ անելու անհրաժեշտության հետ, սակայն հրաժարվել հետագա աշխատանքից: Մենշովը, որը շատ է հավանել զարթուցիչն օգտագործելու գաղափարը, ինքն է անցել գործի: Մեկուկես տարվա ընթացքում նա փոփոխությունների է ենթարկել սցենարը, փնտրել, և արդյունքում երկսերիանոց ֆիլմ է ստացվել:

 

Մենշովը շատ բան է փոխել սցենարում՝ հարբեցող դարձած հոկեյի խաղացող Գուրինից մինչև Գոշայի մասնագիտություն (սցենարի համաձայն՝ նա եղել է ոչ թե «փականագործ-ինտելիգենտ», այլ էլեկտրաեռակցող): Արդյունքում սցենարի ծավալն ավելացել է մեկ երրորդով:

 

Նշենք, որ ֆիլմն էկրաններ է դուրս եկել 1979 թվականին, իսկ 1981-ին արժանացել «Օսկար» մրցանակի՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Ինչու Վլադիմիր Մենշովը որոշեց նկարահանել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը. նկարահանման մանրամասները՝ ֆոտոշարքով