Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հետմահու կպարգևատրվի «Խոստումը» երգի և մարդասիրական աշխատանքի համար

20:21 • 21.09.17

Ամիսներ առաջ կյանքից հեռացած ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հաջորդ շաբաթ հետմահու կպարգևատրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանման ժամանակ գրված համանուն երգի համար:

Ինչպես հաղորդում է patch.com-ը, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսի Սանտա Մոնիկա քաղաքում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների երկրորդ դրամահավաքի միջոցառմանը հանրահայտ երգչին հետմահու կպարգևատրեն վերջինիս մարդասիրական ջանքերի համար:

Միջոցառումը նախատեսված է ավելի քան 70 երկրում կտտանքների ենթարկված անձանց օգնող ծրագրին աջակցելու համար: Մրցանակը կստանա Վիկի Քորնելը՝ երաժշտի այրին:

Հիշեցնենք, որ 52-ամյա Քրիս Քորնելը ինքնասպանություն է գործել մայիսի 18-ին Դետրոյթի հյուրանոցում:

 

 

 

Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հետմահու կպարգևատրվի «Խոստումը» երգի և մարդասիրական աշխատանքի համար