Կինեմատոգրաֆիստների միությունը տեսնում եմ որպես երկխոսության և բազմակարծության հարթակ. Վահե Գևորգյանց

10:36 • 26.09.17

Tert.am-ը Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամ, ռեժիսոր Վահե Գևորգյանցի հետ զրուցել է առաջիկայում Կինոմատոգրաֆիստների միության նախագահի ընտրության, Հայաստանում կինոյի վիճակի, միության առաքելության և այլ հարցերի մասին։ Վահե Գևորգյանցն ասում է, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում կինո չկա։ Ըստ նրա՝ Հայաստանում այսօր ֆիլմարտադրությունն ավելի մեծ ծավալներ ունի,  քան Սովետմիության տարիներին։


- Հոկտեմբերի 7-ին տեղի է ունենալու Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը:  Դուք հայտարարել եք, որ առաջադրելու եք  Ձեր թեկնածությունը միության նախագահի պաշտոնում: Սակայն կարծիքներ են հնչում, որ Կինեմատոգրաֆիստների միությունը Հայաստանում գործում է կինոյի բացակայության պայմաններում: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ:  

-Համաձայն չեմ, որ Հայաստանում կինո չկա և չեմ կարծում, որ այդպիսի կարծիքը համատարած է։  Տարբեր ժանրերի ֆիլմեր նկարահանվում են,  մրցանակներ ստանում տարբեր կինոփառատոններում: Հավատացեք, որ Հայաստանում այսօր ֆիլմարտադրությունն ավելի մեծ ծավալներ ունի,  քան Սովետմիության տարիներին: Այն ժամանակ կինոարտադրությունը պլանային տնտեսության մի մասնիկ էր, ֆիլմերը նկարահանվում էին միմիայն պետական ֆինանսավորմամբ,  միմիայն մեկ պետական կինոստուդիայում, մինչև «մեծ էկրան»  դուրս գալը տասնյակ «ֆիլտրեր»  էին անցնում,  և տարեկան վերևից  իջեցված պլանով նկարահանվում էր 4 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Այսօր պետական ֆինանսավորմամբ նույնպես նկարահանվում է 4 ֆիլմ,  սակայն գործում են մի քանի  անկախ կինոստուդիաներ, ձևավորվել է անկախ ռեժիսորների և պրոդյուսերների ինստիտուտը, և նկարահանվում են ավելի շատ  ֆիլմեր: Պարզապես  «ֆիլտրերի»  բացակայությունը հաճախ անդրադառնում է կինոարտադրության որակի վրա: Կարծում եմ, խնդիրը հենց  այն է, որ հանդիսատեսն ավելի որակյալ ֆիլմեր է ուզում դիտել։

-Ի վերջո,  միության նպատակը կինոարտադրությունն է, սակայն եթե մարդն ունի գաղափար, գտնում է ֆինանսավորող, հավաքում է թիմն ու նկարահանում ֆիլմը: Ի՞նչ գործառույթի կատարման համար պետք է դիմի Կինեմատոգրաֆիստների միությունը:  Արդյո՞ք այդ կառույցը նպաստում է հայ կինոյի զարգացմանը, կինոգործիչների մասնակցությանը հանրապետական, հասարակական և մշակութային կյանքին:

-Միության նպատակը կինոարտադրությունը չի, ինչպես Կոմպոզիտորների միության նպատակը երգեր գրելը չի: Ցանկացած ոլորտ ինքնակազմակերպման խնդիր ունի։ Հակառակ դեպքում ինչին են հարկավոր, ասենք, գործարարին, լրագրողին, նկարչին  իրենց միավորող  կազմակերպությունները։  Մեր պարագայում շատ պարզ ֆորմուլա է գործում՝ պետությունը  այն ուժն է, որը  պետք է ջանքեր գործադրի, որպեսզի կինոարտադրությունը  կենսունակ  մնա, իսկ միությունը այն ուժն է, որն իր մասնագիտական  գիտելիքներով և փորձով օգնում է կազմակերպել  այդ գործընթացը, շտկումներ է մտցնում պետության կինոքաղաքականության մեջ, պաշտպանում է կինոգործիչների շահերն ու իրավունքները: 

-Հայաստանին անհրաժե՞շտ է Կինեմատոգրաֆիստների միությունը, հաշվի առնելով, որ կինոն զարգանում է տնտեսապես  հզոր  երկրներում, կինոն բիզնես է, իսկ բիզնեսն առանց փողի չի զարգանում:

- Կինոն ոչ միայն բիզնես է, այլ նաև արվեստ, հանրային գիտակցության վրա ազդող, արժեքներ ձևավորող գործիք։  Իսկ արվեստն ու փողը ուղիղ համեմատականի մեջ չեն լինում, հակառակ դեպքում  Քաթարն ու Բրունեյը պետք է հզոր կինոարտադրություն ունենային, իսկ Հայաստանում կամ  Վրաստանում կինո չպիտի նկարահանվեր:

Խոսելով Կինոմիության մասին` մի  կարևոր գործառույթի մասին էլ չպիտի մոռանանք՝  դա ստեղծագործական արհմիության  ֆունկցիաներն են, որոնք կատարում են աշխարհում գործող տարբեր կինոմիավորումները։ Կինեմատոգրաֆիստների ավագ սերունդը հոգատարության և օգնության կարիք ունի: Ցավոք, երիտասարդները հաճախ մոռանում են, որ նրանք էլ են ծերանալու։

-Կարող եք  ամփոփ ասել, թե ի՞նչ է արել վերջին մեկ տարում Կինեմատոգրաֆիստների միությունը:

-Կոռեկտ չեմ համարում խոսել այդ թեմայով, քանի որ լիազորված չեմ Միության կողմից։  Հոկտեմբերի 7-ին  Կինոմիության վարչությունը  սպառիչ հաշվետվությամբ հանդես կգա անցած տարիների կատարած  աշխատանքների մասին։

-Հասարակությունը սովոր է, որ պաշտոնի ժառանգականությունը սովորաբար քաղաքականության մեջ է լինում: Մտավախություն չկա՞, որ Ձեր ընտրվելը կդիտվի ժառանգականություն և դա էլ կբերվի մշակույթի դաշտ: Ձեր մրցակցությանը կնպաստի՞ ժառանգականության փաստը, թե կխանգարի:

- Եկեք ճիշտ սահմանում տանք ժառանգականություն բառին: Ժառանգականությունը այն է, երբ ունեցվածքը, պաշտոնը, իշխանությունը փոխանցվում է  կտակով, իշխանության ուժով  կամ բռնությամբ, և դա կատարվում է  մրցակցության և այլընտրանքի բացակայության պայմաններում։ Իմ պարագայում, ի՞նչ ժառանգականության մասին է խոսքը: Հայրս, ցավոք, այսօր արդեն չկա,  որ ինձ ինչ-որ պաշտոնի կարողանա «բրդել», և իր պաշտոնը ինձ չէր կարող կտակել: Իսկ իր կենդանության օրոք այդպիսի մտադրություն ընդհանրապես չենք ունեցել, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, որ հայրը որդուն «գործի դրեց»: Նաև չմոռանանք, որ սա ընտրովի պաշտոն է, և ընտրողները, այսինքն Կինոմիության անդամները, կայացած անձնավորություններ են: Պարզապես ծնվել և դաստիարակվել եմ  կինոգործիչների ընտանիքում,  բնական է, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, նկարահանել եմ տասնյակ ֆիլմեր, ծանոթ եմ Կինոմիության խնդիրներին և վստահ եմ, որ կարող եմ արդյունավետ իրականացնել միության ղեկավարի պարտականությունները:  Ժառանգականության մասին ասեկոսեները համարում եմ ընտրություններից առաջ օգտագործվող անազնիվ հնարք:

- Իսկ ու՞մ եք համարում Ձեզ մրցակից:

- Առիթ ունեցել եմ այդ մասին խոսել, կրկնեմ. արժանի մրցակից եմ համարում բոլորին, ովքեր կառաջադրվեն, որպես Կինոմիության նախագահի թեկնածու: Պարզապես ցանկանում եմ, որ մրցակցությունը ընթանա ազնիվ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

-Ի վերջո, ի՞նչ աշխատանքներ կտանեք, ի՞նչ ծրագրեր ունեք կինոյի ոլորտում փոփոխություններ անելու  համար, այդ թվում նաև օրենսդրական: Ի՞նչ բացթողումներ կան և ի՞նչ մեթոդներով կվերացնեք:

-  Մոտ օրերս  Կինոմիության անդամներին կներկայացնեմ ծրագրիս թեզերը։   Իսկ եթե շատ կարճ, ապա մեր միությունը տեսնում եմ, որպես երկխոսության և բազմակարծության հարթակ կինոհանրության  բոլոր մասնակիցների համար, որպես հոգատար ընկեր, խորհրդատու  և իրավունքների պաշտպան  կինոգործիչների համար: Որպես միջավայր, որտեղ ավագ գործիչները  կկիսվեն  գիտելիքներով և փորձով երիտասարդ ստեղծագործողների հետ:  Որտեղ կամրապնդվի կապը սերունդների միջև, որտեղ միշտ եռուզեռի և աշխուժության մթնոլորտ կլինի:  Համոզված եմ, որ կինոմիությունը  պահպանելու  է  Հայաստանի նախորդ սերունդների կողմից ստեղծված կինոժառանգությունը և անտարբեր չի մնալու ցանկացած երևույթին հայկական կինոյում: