Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին նշանադրվել են. լրատվամիջոցներ

15:20 • 26.09.17

«Գահերի խաղը» հեռուստասերիալի շնորհիվ հայտնիություն ձեռք բերած բրիտանացի դերասաններ Քիթ Հարինգթոնը (Ջոն Սնոուի դերակատարը) և Ռոուզ Լեսլին (Իգրիտի դերակատարը) նշանադրվել են հինգ տարի տևած հարաբերություններից հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին և բրիտանական լրատվամիջոցներին:

Աղբյուրի հաղորդմամբ՝  30-ամյա դերասանները նշանադրվել են ամռանը և անցած շաբաթ տեղեկացրել ընկերներին և ընտանիքներին, որ պատրաստվում են ամուսնանալ:

«Նրանք դեռ չեն որոշել հարսանիքի ամսաթիվը, սակայն անցած շաբաթ հայտնել են ընկերներին և ընտանիքներին, որ նշանադրվել են: Վաղուց հայտնի է, որ Քիթը ցանկանում է ամուսնանալ Ռոուզի հետ, սակայն նա ուզում էր սկզբում տուն ձեռք բերել», - պատմել է աղբյուրը The Sun-ին:

Նրա խոսքով՝ Քիթը պնդում է, որ Արևելյան Անգլիայում գտնվող առանձնատուն տեղափոխվելուց հետո ամուսնությունը հաջորդ բնական քայլն է զույգի համար:

«Այնքան երջանիկ եմ, որ սկսել եմ ապրել Ռոուզի հետ: Ասել եմ նրան, որ կարող է ամեն ինչ ձևավորել և տեղափոխել իր ճաշակով», - ասել էր Հարինգթոնը հունիսին:

«Հունվարին առանձնատուն տեղափոխվելուց հետո Քիթը զգաց, որ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը», - պատմել է աղբյուրը:

Նշվում է, որ MailOnline-ը կապվել է դերասանների ներկայացուցիչների հետ՝ խնդրելով մեկնաբանել լուրերը, սակայն զույգը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ տրամադրել պլանների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին նշանադրվել են. լրատվամիջոցներ