Կոռեկտ չէ համերգի չկայանալը բարդել մեր ՊՈԱԿ-ի վրա․ Մշակույթի նախարարությունն արձագանքում է Վահան Արծրունուն
«Առնվազն կոռեկտ չեմ համարում կազմակերպական ինչ-ինչ հարցերի պատճառով համերգի չկայանալը բարդելը մեր ՊՈԱԿ-ի կամ Մշակույթի նախարարության վրա։ Մենք բաց ենք ցանկացած արվեստագետի, այդ թվում՝ Վահան Արծրունու հետ համագործակցության համար։ Երբ որ հարմար գտնեն, թող գան, և համերգը կազմակերպեն»։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր «Զվարթնոց» հուշարձանի տարածքում կայանալիք համերգը հետաձգվել է քաղաքական և ֆինանսական դրդապատճառներով։
«Ինչ վերաբերում է մեր մասին Վահան Արծրունու հնչեցրած որակումներին, թե իբր երբ տեսանք, որ համերգը կայանում է, և շահույթ են ունենալու, դրա համար «միջամտեցինք»՝ մենք դեմ չենք, որ որևէ կազմակերպություն շահույթ ստանա մշակութային միջոցառում կազմակերպելով հուշարձանի տարածքում, քանի որ նաև դրանով ենք հանրահռչակում մեր հուշարձանները. իսկ դա մեր գլխավոր խնդիրներից է։ Ինքներս էլ ամբողջ ամառվա ընթացքում համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ ենք կազմակերպել «Զվարթնոցի» և այլ հուշարձանների տարածքներում և, ի դեպ, հուշարձանները նաև այդպես հանրահռչակելուն զուգահեռ՝ եկամուտ ստացել։ Դրանով հանդերձ, ոչինչ չի կարող այլ կազմակերպություններին խանգարել, որպեսզի նույնն անեն հուշարձանների տարածքներում։ Նորից եմ կրկնում՝ պետք չէ ինչ-ինչ կազմակերպչական խնդիրների պատճառով չկայացած միջոցառման մեղքը բարդել ՊՈԱԿ-ի կամ նախարարության վրա։ Առնվազն կոռեկտ չէ»,- հավելեց Արա Թարվերդյանը։










