Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ կողմերը չեն ուզում շոշափել մի շարք հարցեր, որոնք կարող են արգելակել հանդիպումը. Կարավաև

09:03 • 27.09.17

Երկու պետությունների նախագահների հանդիպումը նպատակ ունի ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցությունները խզված չեն։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի պետական համալսարանի՝ Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության կենտրոնի քաղաքական կանխատեսման բաժնի ղեկավար Ալեքսանդր Կարավաևը։ Նա այդուհանդերձ ընդգծեց, որ 2018թ.-ին Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են ընտրություններ, և երկու երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը նպաստավոր չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռեալ մեխանիզմների գործարկման համար։

- Օրերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում երկու պետությունների ղեկավարների հանդիպման կազմակերպման համար: Ի՞նչ ակնկալել այս հանդիպումից:

- ԴԺվար է կանխատեսել, թե ինչ օրակարգով են հանդիպելու նախագահները, որովհետև չեմ կարծում, թե կողմերի դիրքորոշումները մինչ այդ փոխվեն և քննարկման նոր առիթ, նոր օրակարգ ստեղծվի: Հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, կարծում եմ, որ կողմերն ավելի են կոշտացրել իրենց դիրքորոշումները և խոսել այն մասին, որ Ադրբեջանն ու Հայաստանը զիջումների կգնան, կմեղմացնեն իրենց տեսակետը, կհրաժարվեն իրենց մոտեցումներից, տեղին չի լինի: Առաջին տարին չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները մնում են օդում կախված և չեմ կարծում, թե որևէ մեկը հիմա կպնդի, որ հասունացել է դրանք իրագործելու պահը:

Այլ հարց է, որ բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը՝ երկու պետությունների նախագահների հանդիպումը, նպատակ ունի ցույց տալ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարվող բանակցությունները խզված չեն: Հետևաբար, ամենատարբեր մակարդակներով հանդիպումներ անցկացնելն այս տեսանկյունից անհրաժեշտ է: 2018թ.-ին Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են ընտրություններ և չեմ կարծում, թե երկու երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռեալ մեխանիզմների գործարկմանը: Չեմ կարծում, որ նախընտրական շրջանը դրական անդրադառնա հիմնահարցի կարգավորման առաջընթաց ապահովելու համար: Հավանաբար, առաջիկայում մենք կտեսնենք գործընթացի դանդաղում:

- Ի՞նչ կապ եք տեսնում 2018թ-ին կայանալիք ընտրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև: Կբացե՞ք չակերտները:

- Ընտրությունների և ղարաբաղյան հակամարտության կապն անմիջական չէ, կապն անուղղակի է: Ռազմական բախումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում կամ հնարավորությունը, որ կլինեն ռազմական բախումներ, որպես կանոն, ազդում են նախընտրական մթնոլորտի վրա: Իշխանությունները կամ քաղաքական ինչ-որ ուժեր, ովքեր հավակնում են դառնալ իշխանություն, ռազմական բախումները կիրառում են որպես զսպող մեխանիզմ, որպեսզի այն ուժը, որը շահարկում է այս հարցը, ամրացնի նախընտրական իր դիրքերը:

- Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ առաջիկայում շփման գոտում լարվածություն կլինի:

- Այո, դա հնարավոր է, նոր էսկալացիայի հնարավորությունը 2018թ.-ին բավական մեծ է: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն, ըստ էության, լարվածությունը նվազեցնելն է, լարվածությունը մինիմումի հասցնելն է: Դա կարևոր է առաջին հերթին Ռուսաստանի համար, որը մրցավարի, դատավճիռ կայացնողի դեր ունի, որովհետև կողմերը անդրադարձել ու անդրադառնալու են ՌԴ-ին կարճատև կամ երկարատև բախումներից հետո:

- ԱԳ նախարարներից հանդիպումից հետո ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ չի խոսվում Վիեննայում ձեռքբերված, ապա Սանկտ Պետերբուրգում վերահաստատված, պայմանավորվածությունների իրականացման մասին: Սա պատահականությո՞ւն է, թե կողմերը մոռացության են մատնել այս պայմանավորվածությունները:

- Կարելի է փնտրել ենթատեքստեր, մտածել, թե ինչի այդ մասին չխոսվեց կամ խոսվեց, մտածել, որ հատուկ են բաց թողել այդ հարցը, բայց ես չեմ կարծում, թե բանակցային գործընթացի հետ դա անմիջական կապ ունի: Օրինակ` ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելություն ունեցող խմբի լիազորությունների ընդլայնումը նոր համակարգի ստեղծում է, որը կլինի ավելի արագ արձագանքող, նույն պահի արձագանքող խումբ: Այս հարցը շատ տարիներ առաջ էր քննարկվում, դեռևս մինչև Վիեննան: Բանակցային սեղանին դրված փաստաթղթերը, Մադրիդյան փաստաթուղթը, մյուսները, ըստ էության, պարունակում է այս դրույթը ևս: Կարծում եմ, որ նախագահների հնարավոր հանդիպումից առաջ կողմերը չեն ուզում շոշափել այս և մի շարք այլ հարցեր, որոնք կարող էին արգելակել հնարավոր հանդիպումը, դառնալ խոչընդոտ:

- Ձեր կարծիքով՝ նախագահների հանդիպումը կարո՞ղ է դառնալ խթան ակտիվ բանակցային գործընթացի վերսկսման համար:

- Դա հարաբերական հարց է: Ես հարցը կդիտարկեի այն տեսանկյունից, թե արդյոք կողմերի հետաքրքրությունները տնտեսական, քաղաքական իմաստով համընկնո՞ւմ են իրար: Արդյոք երկուսն էլ ուզո՞ւմ են բացել սահմանները, տնտեսական համագործակցություն սկսել: