Վաշինգտոնում կայացել է Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

10:57 • 27.09.17

Վաշինգտոնում կայացել է «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկությունը քաղաքական գործիչների շրջանում և այս հանցագործության մերժումն ուղղակիորեն կապելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակական հակահայկական խտրականության և բռնության հետ: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով է ընդունել ֆիլմը:


Պրեմիերան կայացել է ԱՄՆ ռազմածովային հուշահամալիրում: Այն կազմակերպել են PrimoVision, Tanit Productions և Montel Media Group ընկերությունները՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի և «Hope for Children Today»-ի հետ միասին:


Միջոցառմանը մասնակցել են Կոնգրեսի անդամներ Ռալֆ Աբրահամը և Գաս Բիլիրակիսը: Մինչ միջոցառումը, ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնտել Ուիլիամսը հանդիպումներ են ունեցել կոնգրեսականների հետ Կապիտոլիումում: Պրեմիերային ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը նաև նկարահանվել է ֆիլմում:


Պրոդյուսերներ Քեյնը և Ուիլիամսը պատմել են Հայաստան իրենց վերջերս կատարած ուղևորության մասին, որտեղ նրանց հատկապես հուզել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների՝ սիրիահայ փախստականների դրությունը, որոնք այժմ ապաստան են փնտրում իրենց պատմական հայրենիքում՝ տարածաշրջանում բռնկված հակամարտություններից փախչելով:


«Ժխտման ճարտարապետները» վճռական մարտահրավեր է նետում Անկարային և նրա դաշնակիցներին՝ Կապիտոլ Հիլում և դրանից հեռու, որոնք համարձակվում են վախեցնել, կաշառել Ամերիկային դեռևս անպատիժ մնացած Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության և միլիոնավոր հայերի ու քրիստոնյաների աքսորի վերաբերյալ լռություն պահպանելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Քեյնը և Ուիլիամսը բացատրել են, թե ինչու են միավորվել Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման և արդարության կարևորության ուղղությամբ իրենց ֆիլմով ուշադրություն գրավելու համար: «Մոռացված և չճանաչված ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է և նպաստում է նոր հանցագործությունների իրականացմանը»,- ասել է Ուիլիամսը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունից հետո ողջ մնացածների պատմությունները: Փորձագետները ցուցադրում են ժխտողականության և դրա հետևանքների կապը:

 

 

Image may contain: 1 person, standing, suit and indoor

Image may contain: 4 people, people smiling, people standing and suit

Image may contain: 5 people, people smiling, people standing and suit

Image may contain: one or more people and indoor

Վաշինգտոնում կայացել է Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)