«Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը կհամագործակցի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հետ
Այս տարի Արթուր Ջանիբեկյանի «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը՝ որպես աջակից համագործակցելու է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի հետ:
«Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը, որը գործում է 2013 թվականից, նպատակ ունի պահպանել ու աշխարհով մեկ տարածել հայկական մշակույթը ու ինտելեկտուալ ժառանգությունը: Իր գործունեության մի քանի տարիների ընթացքում հիմնադրամը իրականացրել է մի շարք մշակութային և կրթական նախագծեր, որոնցից են «Աջակցություն հայկական Վիքիպեդիայի զարգացմանը», «Վիքիպեդիա Հայաստան» գրասենյակի բացումը, «Վիքի ճամբարները», Գրքերի նվիրատվությունը Մատենադարանին, «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, Կոմիտասի «Հազար ու մի խաղ» գրքի հրատարակությունը, Մ. Եկմալյանի «Սուրբ Պատարագի» հրատարակությունը, «Ժամագրքի» հրատարակությունը և այլն: Ներկայումս հիմնադրամը զբաղվում է ամերիկահայ հայտնի գրող Վ. Սարոյանի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներով:
Ինչպես նշել է «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը. «Մշակութային շուկան մեծ կարիք ունի աջակիցների և հովանավորների: Մշակույթն է, որ կրթության հետ միասին մարդուն դարձնում է մարդ: Հասկանալով այդ ամենի կարևորությունը՝ մեզ համար հաճելի է, որ «Ռենեսանս» հիմնադրամը, աջակցելով արվեստի զարգացմանը, աջակցում է նաև մարդկանց»:
Հիշեցնենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը գործում է 2003 թվականից, իսկ 2006 թվականից սկսած «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը:











