ՀԴԲ-ի նախկին գործակալը կփորձի պարզել՝ ով է ֆաշիստներին հայտնել Աննա Ֆրանկի ու նրա ընտանիքի թաքնվելու վայրը

13:13 • 03.10.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին գործակալ Վինս Փենքոքը համապատասխան մասնագետների թիմի հետ կփորձի ժամանակակից մեթոդների կիրառմամբ պարզել՝ ով է մատնել Աննա Ֆրանկին ու նրա ընտանիքին՝ ֆաշիստներին հայտնելով նրանց թաքնվելու վայրը:

The Guardian-ը հիշեցնում է, որ Աննա Ֆրանկը հազարավոր այլ հրեաների պես ստիպված է եղել ընտանիքի հետ թաքնվել ֆաշիստական իշխանությունների հետապնդումներից: Ֆրանկն ու իր ընտանիքը տևական ժամանակ թաքնվել են Ամստերդամում, սակայն 1944թ. ինչ-որ մեկը, հավանաբար, մատնել է նրանց, ու Գեստապոն (այդպես էր կոչվում ֆաշիստական Գերմանիայի գաղտնի ոստիկանությունը) եկել է նրանց հետևից:

Քսան հոգանոց մասնագիտական թիմը կուսումնասիրի արխիվային նյութեր, վկայություններ: Բացի այդ, մասնագետները մտադիր են դերասանների օգնությամբ վերստեղծել չարաբաստիկ օրը, երբ ոստիկանությունը եկել է Ֆրանկ ընտանիքի հետևից:

Հայտնի է, որ նախորդ տարի Ամստերդամում Աննա Ֆրանկի տուն-թանգարանը հրապարակել է իր իսկ անցկացրած ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց ոստիկանությունն ընտանիքին գտել է պատահմամբ, այլ ոչ թե ինչ-որ մեկից գաղտնի տեղեկություն ստանալու միջոցով:

Այնուհանդերձ՝ Փենքոքը Միացյալ Նահանգների ազգային արխիվներն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելուց հետո գտել է մի շարք գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ Ամստերդամում թաքնված, սակայն ինչ-որ անձանց կողմից մատնված ու դրա հետևանքով ձերբակալված հրեաների ցուցակները:

«Ես պարզապես ուզում եմ լուծել իմ կարիերայի վերջին գործը, չէ՞ որ ճշմարտությունը երբեք չի կարող սահմանափակվել»,-ասել է նախկին գործակալը:

Հայտնի է, որ Աննա Ֆրանկը ֆաշիստներից թաքնվելու տարիներին (1942-1944թթ.) օրագիր է վարել («Աննա Ֆրանկի օրագիրը»), որտեղ նա գրել է ֆաշիզմի դաժան հետևանքների մասին։

1944թ. օգոստոսի 4-ին ձերբակալվելուց հետո Ֆրանկ ընտանիքը հայտնվել է տարբեր համակենտրոնացման ճամբարներում: Խորհրդային բանակի կողմից ազատագրվելուց հետո ճամբարներից ողջ է վերադարձել միայն հայրը՝ Օտտո Ֆրանկը: Վերջինս խիստ կասկածում էր, որ իր ընտանիքին կարող էր մատնած լինել այն պահեստի աշխատակիցներից մեկը, որտեղ իրենք 2 տարի շարունակ թաքնվում էին:

 

Այստեղ էր թաքնվում Ֆրանկ ընտանիքը

 

Картинки по запросу anne frank house

 

Ֆրանկ ընտանիքը

 

Картинки по запросу anne frank family

ՀԴԲ-ի նախկին գործակալը կփորձի պարզել՝ ով է ֆաշիստներին հայտնել Աննա Ֆրանկի ու նրա ընտանիքի թաքնվելու վայրը