Կերտվել է իսկական հայի կերպար, որը հպարտություն է առաջացնում. կայացավ «Թամանյան» հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի բժիշկ Վ.Ազիզյանի գրքի շնորհանդեսը

11:40 • 05.10.17

 

Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Թամանյան» հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի բժիշկ Վրույր Ազիզյանի գրքի շնորհանդեսը: «Փոթորկահույս կանքի հորձանուտներում» անվամբ գիրքը պատմում է մի սերնդի մասին, որը կյանքի դեգերումների, փնտրտուքների շրջանն ընդհատեց պատերազմով: Այդ երիտասարդությանը բաժին հասավ դառնությունը:

Գրքի հեղինակն էլ, ինչպես այդ երիտասարդները, զենքը ձեռքին անցնում է փոթորկահույզ կյանքի ճանապարհով, Թամանյան հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի 526-րդ գնդում ծառայում է որպես բժիշկ, ապա գրքին է հանձնում բոլոր այն զգացմունքներն ու փաստերը, որոնց ականատես է եղել:

Գիրքը լույս է տեսել Վրույր Ազիզյանի որդու՝ Էդուարդ Ազիզյանի ջանքերով: Tert.am-ի հետ զրույցում Էդուարդ Ազիզյանն ասաց, որ հոր մահից հետո շուրջ 23 տարի երազել է տպագրության հանձնել գիրքը, բայց անընդհատ ինչ-ինչ հանգամանքներ խոչընդոտել են նրան:

«Վերջին 23 տարիներին ես ապրել եմ ԱՄՆ-ում, առաջին 5 տարին, ինչպես և բոլորի կյանքում, մեծ դժվարություններ են եղել ու գրքի տպագրման մասին մտածելու ժամանակ չի եղել: Բացի ապրելակերպի ստեղծումից` ուրիշ բանի մասին չեմ մտածել: Հետո տարեցտարի հետաձգվեց, մնաց՝ հետոյի, բայց վերջիվերջո հասունացավ այդ պահը: Ես հպարտ եմ, որ արեցի դա»,- ասաց Էդուարդ Ազիզյանը:

Գիրքը բաղկացած է երկու մասից, որից առաջին մասը տպագրված է եղել, իսկ երկրորդ մասը խմբագրվել է Էդուարդ Ազիզյանի և գրող Արտեմ Հարությունյանի կողմից ու հատվածներն ամբողջացվել են մեկ հատորում ու ներկայացվել ընթերցողի դատին:

Ազիզյանն ասաց, որ հոր մահից հետո ձեռագրերը 28 տարի պահել է, մինչև դրանց մի փոքր մասը խմբագրելը: «Ես համոզված եմ, որ ծնողներս, եղբայրս նայում են վերևից... Ինձ համար այսօր հպարտության օր է»,- անկեղծացավ Էդուարդ Ազիզյանը:

Երեկոյի ժամանակ գրքից ստացած տպավորության մասին խոսեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Նա նշեց, որ գիրքը ստիպեց իրեն մտածել, թե ինչպես է պետք ազգային կերպար ձևավորել: Ըստ նրա՝ գիրքը մատյան է, որը ներկայացնում է հայ մարդու փորձառությունն ու էությունը:

«Զավակները դիպլոմ չեն առնում, զավակները դիպլոմ ստանում են, որովհետև դրա գնահատականը ոչ թե թերթի վրա է, այլ՝ մտքի ու էության մեջ: Եվ այն, որ 20 տարեկան երիտասարդը կարողանում է կանխել Թուրքիայից Հայաստան եկող հիվանդության մուտքը, սա վկայում է մեկ բանի մասին, որ հայ պաշտոնյաներ, երբ գնում եք եվրոպաներ ու ստորագրում եք թղթերի տակ՝ պատասխանատվության առաջ կանգնեցնելով ձեր երկրին ու ազգին, մտածեք, թե ինչ եք անում»,- ասաց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Նա նշեց, որ հեղինակը գրքում ներկայացրել է իսկական հայի մի կերպար, որը ոչ թե լեքսուսով էր շրջում, հայերենը «տժժացնում, ժարիտ անում», այլ՝ որբանոցի պատերի տակ մարդկային այնպիսի կերպար էր ձևավորում, որը հպարտություն է առաջացնում: «Այս գիրքը մեզ կյանք է սովորեցնում»,- ասաց վարդապետը:

Իսկ գրող Արտեմ Հարությունյանն ասաց, որ սա այն գրքերից չէ, որը ձանձրույթ պատճառում, միապաղաղ շարադրանք ունի ու ոչնչի մասին է, ընդհակառակը: «Վրույր Ազիզյանը զարմանալի խորքով տալիս է մի ամբողջ սերնդի կերպար, ովքեր ոչ ապահով, վտանգված, մի տեղից մի տեղ տեղափոխվելով ապրում են, բայց չեն խուսափում դժվարություններից: Ճակատագրի քամին Վրույր Ազիզյանի քշում է աջ ու ձախ, իսկ հետո պատերազմի մեջ է նետում: Նա մեծատառով մարդ էր, մարդ, ում էությունն անընդհատ վտանգված էր, ում մատները քարերից ծակծկված էին»,- ասաց գրողը:














Կերտվել է իսկական հայի կերպար, որը հպարտություն է առաջացնում. կայացավ «Թամանյան» հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի բժիշկ Վ.Ազիզյանի գրքի շնորհանդեսը