Ամերիկացի ռեփեր Նելլին ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով
Ամերիկյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ, ռեփեր Նելլին (Nelly) ձերբակալվել է՝ իր դեմ բռնաբարության համար ներկայացված մեղադրանքի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, հայց ներկայացնող կինը պատմել է, որ ռեփերն իրեն բռնաբարել է իր՝ շրջագայությունների համար օգտագործվող ավտոբուսում:
Սկզբում կինը զանգահարել է 911 ծառայություն, ինչից հետո ոստիկանությունը գործի է անցել՝ ձերբակալելով Նելլին: Այժմ նա գտնվում է Վաշինգտոնի բանտերից մեկում:
Մինչդեռ ռեփերի փաստաբանը շտապել է հայտարարել, որ «երաժիշտը կեղծ մեղադրանքի «զոհ» է»:
Հավելենք, որ իր կարիերայի ընթացքում ռեփերը 12 անգամ առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակի տարբեր անվանակարգերում ու հաղթել դրանցից 3-ում:










