Սելին Դիոնը համերգի հասույթը նվիրաբերել է Լաս Վեգասում հրաձգության զոհերի բարեկամներին

11:19 • 09.10.17

Սելին Դիոնը իր համերգի հասույթը նվիրաբերել է հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում հրաձգության զոհերի բարեկամներին, հայտնում է ТАСС-ը: Երգչուհին վերսկսել է իր ելույթներն այդ քաղաքում ողբերգությունից երկու օր անց:


«Այսօրվա երեկոն հատուկ է: Կիրակի երեկոյան սարսափելի ողբերգական իրադարձությունից հետո մենք բոլորս նմանատիպ հարցեր ենք մեզ տալիս: Դուք ձեզ հարցնում եք՝ կհամարձակվե՞ք գնալ Սելին Դիոնի համերգին ողբերգությունից ընդամենը երկու օր անց: Իսկ ես հարցնում եմ ինձ՝ կկարողանա՞մ ես շոու անցկացնել: Պե՞տք է  ես արդյոք շոու կազմակերպեմ այդ սարսափելի իրադարձությունից երկու օր անց: Այդ հարցերին պատասխանելը հեշտ չէ»,- հայտարարել է Դիոնը Caesars Palace հյուրանոցա-ժամանացային համալիրի դահլիճում հավաքված իր երկրպագուներին:


Նա վերսկսել է ելույթները «սեր և աջակցություն փոխանցելու համար նրանց, ում անդրադարձել է ողբերգությունը»:


«Կիրակի մենք չափազանց շատ հիասքանչ, անմեղ հոգիներ ենք կորցրել, էլ ավելի շատ մարդիկ վշտի մեջ են: Այս երեկո մենք ցույց կտանք այդ ընտանիքներին, որ կօգնենք նրանց և կաջակցենք մեծ կորստի ժամին: Նրանց շատ սեր, էմոցիոնալ մեծ աջակցություն և զգալի ֆինանսական օգնություն է պետք գալու»,- ասել է երգչուհին:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ստեֆեն Փեդոքը կրակ է բացել բացօթյա երաժշտական փառատոնի հանդիսատեսի վրա Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից՝ սպանելով 59 և վիրավորելով ավելի քան 500 մարդու: Դա ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ ամենաշատ զոհի պատճառ դարձած զանգվածային սպանությունն է: Ոստիկանությունը դեռ չի պարզել հարձակման շարժառիթը: 

 

 

Սելին Դիոնը համերգի հասույթը նվիրաբերել է Լաս Վեգասում հրաձգության զոհերի բարեկամներին