Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի հայկական եկեղեցու պեղումների ժամանակ հնագետներն «անսովոր» գտածոյի են հանդիպել (լուսանկարներ)
Թուրքիայի Գյումյուշհանե նահանգի Սուլեյմանիե շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են եկեղեցուն պատկանող սյուներ, զարդաքանդակներ և հայատառ տապանաքարեր:
Բացի այդ՝ նույն տարածքում հայտնաբերվել են նախշազարդ սյուների հատվածներ, որոնք բնորոշ են մահմեդական մզկիթների ճարտարապետությանը: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականը գտածոներն անվանել է «անսովոր»՝ Գյումյուշհանեի մասին պատմելիս շեշտելով, որ հայերը, հույներն ու թուրքերն այստեղ ապրել են խաղաղության ու բարեկամության մեջ:
«Այստեղ երկու ուշագրավ դետալ կա․ դրանցից մեկը սյուներից մեկի գագաթին հայտնաբերված երեք կիսալուսնի և սուլթանական կնիքի նշանն է։ Սա հայերի ժամանակներից մնացած և, ամենայն հավանականությամբ, 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին արված պատկեր է։ Երկրորդը նույնպես մի սյան գագաթին տեղադրված, կապույտ գույնով ներկված մուքարնաս է (քանդակ, որն ունի միստիկ նշանակություն և բնորոշ է իսլամական ճարտարապետությանը- tert.am)։ Չնայած մուքարնասը հիմնականում օգտագործվում է մզկիթներում՝ սյուների գագաթներին կամ գմբեթի ստորին եզրերին, սակայն այս եկեղեցում նույնպես կիրառվել է»,-նշել է թուրք ճարտարապետ Յուսուֆ Բուրաք Դոլուն:
Հայտնի է նաև, որ Սուրբ Աստվածածնից շուրջ 3 կմ հեռավորության վրա գտնվող Վանք վանական համալիրը տարածաշրջանի հայերի համար հայտնի ուխտատեղի է եղել։
Դոլուն նաև նշել է, որ մինչև 1915 թվականը Գյումյուշհանեի բնակչության 10 տոկոսը հայեր են եղել:
Նշենք, որ ըստ թուրք պատմաբան Բայրամ Նազըրի՝ 20-րդ դարի սկզբին Գյումյուշհանեի հայության թվաքանակն ավելի մեծ էր և հասնում էր 15 տոկոսի:










