Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» որակավորման փուլը 

20:51 • 10.10.17

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» նոր փաստավավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու որակավորում է ստացել:

Ինչպես հայտնում է Horizon weekly-ն, այն 159 վավերագրական ֆիլմի շարքում է, որոնք ընտրվել են ավելի քան 26 000 հայտից: Այս մասին հայտարարել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի համաժողովի ժամանակ:

«Ժխտման ճարտարապետները», որը նկարահանվել է հեռուստապրոդյուսերներ Դին Քեյնի ու Մոնթել Ուիլյամսի նախաձեռնությամբ, Ցեղասպանության մասին փաստերը ներկայացնում է փրկվածների ու ականատեսների աչքերով: Ֆիլմում մի շարք փորձագետներ համեմատականներ են անցկացնում Ցեղասպանության պատմական ժխտման և ներկայում համաշխարհային հակամարտությունների գոտիներում զանգվածային կոտորածների միջև:

Ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լի Ջորջը: Ֆիլմում նկարահանվել են WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժը, Հետաքննությունների դաշնային բյուրոյի գաղտնի տեղեկությունների արտահոսքն «ապահովող» լրագրող Սիբել Էդմոնդսը, Հայաստանում ԱՄՆ  նախկին դեսպան Ջոն Էվանսը, ցեղասպանագետ Գրեգորի Սթանտոնը:

Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան Վաշինգտոնում կայացել է սեպտեմբերի վերջին:


Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» որակավորման փուլը