Բացվեց Դավիթ Սահակյանցի «17» խորագիրը կրող նկարների ցուցահանդես-վաճառքը. հասույթը կուղղվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին (լուսանկարներ)
Երևանի պետական կամերային թատրոնում երեկ բացվեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի առաջին անհատական՝ «17» խորագիրը կրող նկարների ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսին ներկայացված է թվով 17 կտավ, որոնք Սահակյանցը նկարել է 2 տարվա ընթացքում և կոչել յուրահատուկ անուններով, ինչպես, օրինակ, «Մի օր, հաստատ, նրանք բոլորը վեր կկենան և կգնան», «Անցում հաջորդ կյանք. հրաժեշտ», «Ծառերը տնկեք մայրամուտին», «Մի օր մենք ինչ-որ մեկին պետք կգանք» և այլն:
Tert.am-ի հետ զրույցում Սահակյանցը խոստովանեց՝ հենց այս նկարներն են իր ոճը, որոնք չափազանց տարբեր են անիմացիայի իր աշխատանքներից: «Սա իմ ոճն է, կարող եմ վստահ ասել, իմ մտքերն են, հույզերը, և որոշ չափով տարբերվում են նրանից, ինչով ես զբաղվում եմ։ Այլ կերպ ասած, սա «ալտեր էգոյի» դրսևորում է»,-ասաց նա:
Սահակյանցը չի շտապում իրեն նկարիչ համարել, բայց նշեց, որ ներկայացված գրաֆիկ աշխատանքներն ամբողջը չեն, այլ ընտրվել է դրանցից ընդամենը 17-ը: «Կան աշխատանքներ, որոնք չեն ցուցադրվել: Միգուցե հենց այս ուղղությամբ էլ շարունակեմ, միգուցե հետո փոփոխեմ ոճս, հետաքրքրություններս, չեմ կարող կանխորոշել, բարդ է ասել»,-ասաց նա:
Դավիթ Սահակյանցի խոսքով` իր նկարներում չկա թեմատիկա, ուղղակի իմպրովիզացիա է և սեփական մտքերի լուսաբանում: «Երկար նկարելուց, տարբեր ոճերի մեջ փորձելուց հետո հասունացավ այս պահը և իմ երկու տարվա աշխատանքը ներկայացրեցի հանդիսատեսի դատին: Իհարկե, մինչ այս 23 տարի առաջ նույն պատերի ներքո անցկացվել էր ևս մեկ ցուցահանդես` իմ, քրոջս՝ Նանա Սահակյանցի, նաև եղբորս՝ Հայկ Սահակյանցի նկարներով, կայացել էր նաև Ռոբերտ Սահակյանցի երկու ֆիլմերի շնորհանդեսը: Ես այն ժամանակ ընդամենը 10 տարեկան էի և ինձ համար խորհրդանշական էր, որ նորից այստեղ եմ և հանդիսատեսին եմ ներկայացնում իմ անհատական նկարները»,-ասաց նա:
Սահակյանցը տեղեկացրեց, որ ցուցահանդես–վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է հայ մանուկներին կյանք նվիրելով: Ցուցահանդեսը կտևի երեք շաբաթ:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ արվեստագետներ, արվեստասերներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Ներկա էր նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում շատ էին դուր եկել նկարները, բայց գնելու հարցում դժվարանում էր ընտրություն կատարել: Ցուցահանդեսին ներկա էին նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախկին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և այլք:








%20copy.png?1507711920790)










