Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավը կարող է վաճառվել 100 մլն դոլարով (լուսանկարներ)
Վերածննդի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ իտալացի Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող կտավներից մեկը՝ «Սալվատոր Մունդի»-ն, վաճառքի կհանվի հեղինակավոր Christie's աճուրդի տան կողմից:
Ինչպես նշում է The Guardian-ը, սա Դա Վինչիի՝ մասնավոր հավաքածուում գտնվող վերջին կտավն է, որն ըստ մասնագետների կանխատեսման՝ կարող է վաճառվել 100 մլն դոլարով:
Նշվում է, որ «Սալվատոր Մունդի»-ն հանճարեղ իտալացու այն կտավներից մեկն է, որը հարյուրամյակներ շարունակ կորած է համարվել ու հայտնաբերվել է 2011թ.:
Christie's-ի ներկայացուցիչ Լյուկ Գուզերն ընդգծել է, որ նման կտավն աճուրդի հանելը կյանքում ընդամենը մեկ անգամ ընձեռվող պատիվ է:
Հայտնի է, որ «Սալվատոր Մունդի» կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Հեղինակն այն նկարել է հանրահայտ «Մոնա Լիզա»-ն ստեղծելու նույն ժամանակահատվածում: Կտավը ստեղծվել է 1506-1513թթ. ընթացքում՝ Ֆրանսիայի արքա Լուի 12-րդի համար:
Աղբյուրը հավելում է, որ նախքան նոյեմբերի 15-ին աճուրդի հանվելը, կտավը կցուցադրվի Հոնկոնգում, Սան Ֆրանցիսկոյում ու Լոնդոնում:














