ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

17:25 • 12.10.17

Միացյալ Նահանգները տեղեկացրել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կառույցը լքելու որոշման մասին:


Ինչպես նշում է ria.ru-ն՝ ԱՄՆ Պետքարտուղարությանը հղումով, նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք գործոններ՝ նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակահրեական կանխակալ մոտեցումը:


Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի տարածած հայտարարությունում ասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կպահպանի կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան ափսոսանք է հայտնել Վաշինգոտնի որոշման կապակցությամբ:


Հայտնի է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է մոտ 200 պետություն:


The Independent-ը հավելում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նախադեպը տեղի է ունցել նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ 1984թ.: Այն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ասել էր, որ կառույցը գործում է Խորհրդային միության շահերից ելնելով: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները կրկին անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ժամանակ՝ 2002թ.:

ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից