Կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին հեռացրել են Ամերիկյան Կինոակադեմիայից
Հոլիվուդի ամենահայտնի կինոպրոդյուսերներից մեկը՝ Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, Վայնշտեյնի անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:
Այս քայլով վերջնական հարված հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:
Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:
Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու համար, ինչի մեջ և տասնյակ դերասանուհիներ մեղադրել էին Վայնշտեյնին: Նրանց թվում են նաև Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:










