«Հայաստանի պատմագետների միությունն» անդամակցել է Պատմագիտության միջազգային կոմիտեին և կպայքարի պատմական կեղծարարության դեմ. պատմաբաններ (տեսանյութ)
«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ-ն այս սեպտեմբերին դարձել է Պատմագիտության միջազգային կոմիտեի անդամ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԿ գործադիր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը, ով շեշտեց, որ ՀՀ-ի անդամակցությանը բոլոր անդամ երկները կողմ են քվեարկել:
Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ Պատմագիտության միջազգային կոմիտեն ունի 57 անդամ, որի կազմում են զարգացած ու զարգացող երկրները՝ սկսած Կանադայից, մինչև Ճապոնիան, Ռուսաստանը: Հարևան երկներից այս կառույցին անդամ են Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը չկա այս կառույցի մեջ:
«Կառույցին անդամակցությունը մեզ համար ոչ թե ինքնանպատակ էր, այն մեզ հնարավորություն է տալիս վեր հանել պատմագիտության խնդիրները, համաշխարհային պատմագիտության համատեքստում մեր պատմությունը հնարավորություն ունենալու դիտարկելու խնդիրը»,- ասաց Մհեր Հովհաննիսյանը և նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց խնդիրն է ոլորտը համակարգել, նպաստել ոլորտի զարգացմանը՝ խնդիրների դեպքում աջակցել:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի պ.գ.դ. պրոֆեսոր Կարեն Խաչատրյանի խոսքով՝ պատմագիտությունն այսօր նաև քաղաքական գիտություն է, իսկ Հայաստանն այս հարցում տարբեր մարտահրավերներ ունի: «Այդ թվում մեր հարևանները փորձում են սեփականաշնորհել մեր պատմությունը նաև և այդ պատմական կեղծարարության դեմ պայքարի համար հայ պատմաբանները մեծ աշխատանք ենք տանում և նման կառույցի ստեղծումն այդ առումով կարևոր դրական քայլ է»,-ասաց նա:
«Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ խորհրդի անդամ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պ.գ.թ. դոցենտ, Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ պատմագիտության մեջ եղանակ ստեղծող անձինք այդ կառույցի մեջ են, իսկ անդամակցությունը միջազգային կառույցին՝ հարթակ փնտրելու համար է:
Էդգար Հովհաննիսյանը նշեց, թե պատմագիտությունը զարգացման ամեն փուլում իր խնդիրեր են առաջացնում: «Անկախության ընթացքում մի շարք խնդիրներ ունենք, որոնք լուծումներ են պահանջում և այս նոր հարթակը գալու է լուծելու դրանք»,-ասաց պատմաբանը և հավելեց, որ խնդիրները շատ են, բայց առանձնացրել են 3 հիմնականը:
«Առաջին՝ հայոց պատմությունը՝ հազարամյակների խորքից մինչև մեր օրեր, ներկայացնել համաշխարհային պատմության մի մասնիկը: Երկրորդը՝ ներկայացնել պատմություն, զերծ տարբեր քաղաքական հոսանքների ու ուղղությունների ազդեցությունից, լինել օբյեկտիվ, որովհետև հաճախ պատմությունը քաղաքականացվում է, հաճախ կրում է ժամանակի, իշխող ուժերի և տարբեր հոսանքների ազդեցությունը և պատմական ազդեցությունը շատ դեպքերում երկրորդվում է»,– ասա նա:
Երրորդը, ըստ Էդգար Հովհաննիսյանի, պատմական կեղծարարության դեմ պայքարն է։ «Քանի որ տարբեր լեզուներով տպագրվում է հսկայական գրականություն մեր հարևանների կողմից, իսկ երկու-երեք անգամ սուտը գրելուց հետո հղման աղբյուր կարող է դառնալ: Խնդիր ունենք օտարալեզու հրատարակությունների»,- ասաց պատմաբանը և նշեց, որ արդեն իսկ և նախատեսվում է անգլերենով գիտական հանդես հրապարակել, որտեղ կներկայացվեն պատմական մտքի նորանոր ձեռքբերումները և որոնք կդառնան օտար միջավայրում հղման աղբյուր:










