Մեգան Մարքլը զոհաբերել է դերասանուհու կարիերան հանուն արքայազն Հարիի. The Daily Mail (լուսանկարներ)
Ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը հրաժարվել է հանրահայտ «Suits» հեռուստասերիալում իր դերից, որպեսզի դա չխանգարի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարիի հետ նշանադրությանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ակնկալվում է, որ 36-ամյա Մարքլն ու 35-ամյա Հարին իրենց նշանադրության մասին պաշտոնապես կհայտարարեն մինչև Սուրբ Ծնունդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2011թ. սկսած «Suits»-ում նկարահանվող Մարքլն արդեն խոսել է հեռուստատեսային ղեկավարության հետ ու տեղեկացրել, որ չի նկարահանվի հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Մարքլը քաջ գիտակցում է, որ չի կարող նախկինի պես ապրել, բայց նա երջանիկ է զոհաբերել իր կարիերան հանուն սիրո:
Նշվում է, որ արքայազն Հարիի հետ ամուսնանալուց ու թագավորական ընտանիքի անդամ դառնալուց հետո դերասանուհին կշարունակի բարեգործությամբ զբաղվել:















