Հայտնի գրող Օրհան Փամուկը պատմել է, թե ինչու է հաճախ գաղտնի մեկնում Թուրքիա
Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն իտալական La Stampa պարբերականի հետ զրույցում անկեղծացել է, թե ինչու է երբեմն գաղտնի մեկնում Թուրքիա:
«Շատ ուշադրություն չգրավելու համար նախընտրում եմ անձայն գնալ այնտեղ», - ասել է Փամուքը՝ խոսելով իր նոր՝ Ստամբուլի հին լուսանկարներով ու քաղաքի պատկերներով հեռագրերով հագեցած «Ստամբուլ. հիշողություններ և քաղաք» գրքի մասին, որը հրատարակվել է Իտալիայում:
Ըստ Փամուկի՝ Ստամբուլը վերջին 15 տարում զգալի բացասական ազդեցություն է կրել. դարձել է ավելի հարուստ, սակայն պակաս ազատ քաղաք:
«Երկար ժամանակ է՝ հավաքում եմ Ստամբուլի հին լուսանկարները: Չգիտեմ, թե ինչու եմ դա անում: Գուցե այն պատճառով, որ դա այն ժամանակներից մնացած միակ բանն է: Մարդն այդպիսին է. ոչնչացնում է, հետո ընկնում հիշողությունների գիրկը», - ասել է Փամուքը:
Կոլումբիայի համալսարանում դասավանդող և երկար ժամանակ Նյու Յորքում ապրող թուրք գրողն ափսոսանք է հայտնել հատկապես Ստամբուլի հին, իր համար շատ սիրելի փայտե տների քանդման առիթով:
«Միշտ էլ իմ տունն է: Եթե ձեր տունն ինչ-որ փոփոխության միջով է անցնում, միևնույն է՝ դա ձեր տունն է և ոչինչ չի կարող փոխել այդ փաստը: Եվ մի՛ մոռացեք, որ Ստամբուլի բնակիչների 50 տոկոսից ավելին դեմ է քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այսինքն՝ միայն ես չեմ, որ այսպես եմ մտածում», - ասել է ամերիկաբնակ թուրք գրողը:
Լրագրողի այն նկատառմանը, թե երկու տարբեր աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի, իսլամի և քրիստոնեության միջև գտնվող և կամուրջ հանդիսացող Ստամբուլն այժմ էլ գտնվում է պատմական շատ կարևոր իրադարձությունների կիզակետում, Փամուքը պատասխանել է. «Ես չեմ ուզում լինել կամուրջ, ես վճռականորեն հավատում եմ, որ Թուրքիայի ապագան կապված է Արևմուտքի հետ, այդ համոզմունքով եմ մեծացել: Թուրքիայում ես ստացել եմ արևմտյան, աշխարհիկ, ազատ կրթություն: Այսօր այնտեղ եղած խոսքի ազատության սահմանափակումներն ինձ շատ են զայրացնում»:
Փամուքն ավելի վաղ նշել էր, որ թեև այժմ Թուրքիայում դեռևս զգում է իր հանդեպ որոշակի ճնշում, սակայն դա համեմատաբար ավելի «տանելի» է իր համար, քան 2005-2009 թվականներին իր շուրջ ստեղծված իրավիճակը, երբ նա ստիպված էր վարձել երեք թիկնապահ: Այժմ, Փամուքի խոսքով, նա բավարարվում է մեկ թիկնապահով:










