Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշանից կզրկի սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին

17:53 • 17.10.17

Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են «Պատվո լեգեոն» շքանշանից զրկել բազմաթիվ կանանց բռնաբարելու ու նրանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրագործելու համար մեղադրվող հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես համապատասխան քայլեր եմ ձեռնարկել մի շարք կանանց նկատմամբ սեռական բռնության, ոտնձգությունների ու բռնաբարության համար մեղադրվող Վայնշտեյնից շքանշանը հետ վերցնելու ուղղությամբ»,-մեջբերում է Al Arabiya-ն 39-ամյա Մակրոնի խոսքը:

Հայտնի է, որ պրոդյուսերը Ֆրանսիայի բարձրագույն մրցանակին էր արժանացել 2012թ.՝ Միացյալ Նահանգներում արտասահմանյան ֆիլմերի առաջխաղացմամբ զբաղվելու համար:

Նշվում է, որ Վայնշտեյնին հրապարակավ մեղադրած կանանց մեջ կա 4 ֆրանսիացի դերասանուհի:


Հիշեցնենք
, որ օրեր առաջ Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:

Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:

Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:

Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։

Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշանից կզրկի սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին