Լարս ֆոն Թրիերը հերքել է Բյորկի նկատմամբ սեռական ոտնձգություն անելու մեղադրանքը

14:58 • 17.10.17

Համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի կինոռեժիսոր Լարս ֆոն Թրիերը հերքել է իսլանդացի երգչուհի Բյորկի՝ «Մթության մեջ պարողը» ֆիլմի նկարահանման ժամանակ իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Թրիերն ասել է, որ նման բան չկա: Նա հավելել է, որ ինքն ու Բյորկն ընկերներ չեն:

Պարբերականը հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ խոստովանելով, որ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ ծագած սեռական սկանդալի ֆոնին ինքը քաջություն է հավաքել իր դեմ կատարված սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելու համար:

Բյորկը նշել է, որ նոր է հասկացել, որ աշխարհում ընդունված բան է, որ ռեժիսորը կարող է ձեռք տալ ու տհաճ գործողություններ կատարել դերասանուհիների նկատմամբ, քանի որ կինոոլորտում դա թույլատրելի է:

Հիսունմեկամյա երգչուհին ուղղակիորեն չի նշել Լարս ֆոն Թրիերի անունը, սակայն ասել է, որ խոսքը դանիացի ռեժիսորի մասին է: Մինչդեռ հայտնի է, որ միակ դանիացի ռեժիսորը, որի հետ Բյորկը համագործակցել է, Թրիերն է:

 

 

Լարս ֆոն Թրիերը հերքել է Բյորկի նկատմամբ սեռական ոտնձգություն անելու մեղադրանքը