«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը պատմել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ոտնձգությունների մասին

09:59 • 18.10.17

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Լենա Հիդին պատմել է, որ նրա նկատմամբ հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը երկու անգամ ոտնձգություն է կատարել: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:


«Առաջին անգամ ես հանդիպեցի Հարվի Վայնշտեյնին Վենետիկի կինոփառատոնում, երբ այնտեղ ցուցադրում էին «Գրիմ եղբայրները» ֆիլմը (2005 թվական): Հարվին հրավիրեց ինձ մոտենալ ջրին, ես գնացի նրա հետ, նա կանգնեց և անպարկեշտ առաջարկ արեց՝ այն ուղեկցելով ժեստով, ես ամեն ինչ կատակի վերածեցի, ցնցված էի: Ես ասացի նման մի բան՝ «Դա նման կլիներ հայրիկիս համբուրելուն: Եկեք վերադառնանք և մի-մի կոկտեյլ խմենք»,- գրել է Հիդին միջադեպի մասին՝ հավելելով, որ դրանից հետո նա դեր չի ունեցել նրա ֆիլմերից ոչ մեկում:


Հաջորդ միջադեպը, դերասանուհու խոսքով, տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:


Հիդին հայտնել է, որ Վայնշտեյնը հրավիրել է նրան նախաճաշի, իսկ այնուհետ՝ իր համար՝ «սցենարը նայելու համար»: Երբ Հիդին վերելակում նախազգուշացրել է Վայնշտեյնին, որ նրանց միջև կարող են լինել միայն աշխատանքային հարաբերություններ, նա զայրացել է, նրան ուղղել դեպի սենյակը: Երբ, սակայն, նրա քարտը չի գործել, և նա չի կարողացել բացել դուռը, նա է՛լ ավելի է զայրացել, ուժեղ բռնել է նրա ձեռքը և շշնջացել նրա ականջին, որ նա «այդ մասին ոչ ոքի չպատմի՝ ո՛չ մենեջերին, ո՛չ գործակալին»:


Դրանից հետո, ինչպես նշել է դերասանուհին, նա «նստել է մեքենան ու լաց եղել»:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:


Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:


Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:


Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։

 

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղը պատմել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի ոտնձգությունների մասին