Գեյ-սկանդալից հետո «Էմմի»-ն հրաժարվել է մրցանակ հանձնել Քևին Սփեյսիին
Հոլիվուդյան աստղ Քևին Սփեյսին, որին դերասան Էնթոնի Ռեփը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, հեղինակավոր «Էմմի» հեռուստամրցանակաբաշխության կազմակերպիչների կողմից չի արժանանա հատուկ Պատվո մրցանակի:
Ինչպես հայտնում է Sky News-ը, դերասանը, որը ներողություն է խնդրել Ռեփից իր արարքի համար, ինչպես նաև խոստովանել է, որ միասեռական է, պետք է նոյեմբերին Հեռուստատեսային միջազգային ակադեմիայի կողմից «Էմմի» պատվո մրցանակ ստանար: Սակայն երբ հայտնի է դարձել, որ Սփեյսին 26 տարեկանում 14-ամյա տղայի նկատմամբ նման քայլ է արել, կազմակերպիչները փոխել են իրենց որոշումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ տուժածի խոսքով՝ 1986թ. դերասանը խնջույքից հետո իրեն տարել է իր տուն ու սեռական բնույթի ոտնձգություններ արել: Դրան հաջորդել է 58-ամյա Սփեյսիի հայտարարությունը, որում նա ընդգծել է, որ թեև չի հիշում այդ միջադեպը, սակայն ներողություն է խնդրում դրա համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան Netflix մեդիաընկերությունը հայտարարել է դերասան Քևին Սփեյսիի շուրջ ծագած սկանդալից հետո «Քարտերի տնակ» (House of Cards) հեռուստասերիալն այլևս չցուցադրելու որոշման մասին:
Սփեյսիի ու Ռոբին Ռայթի մասնակցությամբ քաղաքական դրամայի վերջին սերիաները կհեռարձակվեն 2018թ.:
«Քարտերի տնակ»-ի արտադրությամբ զբաղվող Media Rights Capital և Netflix ընկերությունները հայտարարել են, որ Սփեյսիի դեմ մեղադրանքներն իրենց մտահոգվելու լուրջ առիթ են տվել:










