Քևին Սփեյսիի շուրջ գեյ-սկանդալից հետո «Քարտերի տնակ» հեռուստասերիալի ցուցադրությունը կդադարեցվի

11:57 • 31.10.17

Ամերիկյան Netflix մեդիաընկերությունը հայտարարել է դերասան Քևին Սփեյսիի շուրջ ծագած գեյ-սկանդալից հետո «Քարտերի տնակ» (House of Cards) հեռուստասերիալն այլևս չցուցադրելու որոշման մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Սփեյսիի ու Ռոբին Ռայթի մասնակցությամբ քաղաքական դրամայի վերջին սերիաները կհեռարձակվեն 2018թ.:

Պարբերականը նկատում է, որ Netflix-ի որոշման հրապարակումից ժամեր առաջ դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին հրապարակավ մեղադրել էր 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը ներողություն էր խնդրել ու խոստովանել, որ ինքը միասեռական է:

Դրանից հետո «Քարտերի տնակ»-ի արտադրությամբ զբաղվող Media Rights Capital և Netflix ընկերությունները հայտարարել են, որ Սփեյսիի դեմ մեղադրանքներն իրենց մտահոգվելու լուրջ առիթ են տվել: Միևնույն ժամանակ, Netflix-ի խոսնակն ասել է, որ սերիալը դադարեցնելու մտադրությունը կար դեռ մի քանի ամիս առաջ:

«Քարտերի տնակ»-ի առաջին եթերաշրջանի ցուցադրությունը սկսվել է 2013թ.: Այն պատմում է ամուսիններ Ֆրենք և Քլեր Անդերվուդների մասին, որոնք, անցնելով քաղաքական հանցավոր ճանապարհ, հասել են Սպիտակ տուն՝ դառնալով ԱՄՆ-ի ղեկավարներ: Հեռուստաշոուն 33 անգամ ներկայացվել է հեղինակավոր «Էմմի» և 8 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: Արդյունքում Սփեյսին ու Ռայթը «Ոսկե գլոբուս»-ի շրջանակում ճանաչվել են լավագույն դերասան և դերասանուհի:

  

Քևին Սփեյսիի շուրջ գեյ-սկանդալից հետո «Քարտերի տնակ» հեռուստասերիալի ցուցադրությունը կդադարեցվի