Թուրքիայի քրդաբնակ քաղաքում անհայտ անձինք «ջնջել» են հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը նրա անվան զբոսայգու ցուցանակից

11:25 • 01.11.17

Լուսանկարում պատկերված է զբոսայգու ցուցանակը՝ մինչ այս քայլը


Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող քրդաբնակ Բաթման քաղաքում հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը կրող զբոսայգու ցուցանակից անհայտ անձինք «ջնջել» են նրա անունը՝ ծածկելով այն սպիտակ ներկով, այս մասին տեղեկանում ենք թուրքական «Էվրենսել» պարբերականից:

Աղբյուրը նշում է, որ սա զբոսայգում տեղի ունեցած առաջին դեպքը չէ: 2009 թվականի հոկտեմբերին հիմնադրված զբոսայգում սա արդեն երկրորդ ոտնձգությունն է հայ երաժշտի անվամբ ցուցանակի նկատմամբ: Այդ ժամանակ վնասված ցուցանակն ավելի ուշ նորից կախվել էր զբոսայգու մուտքի մոտ:

Արամ Տիգրանը ծնվել է 1934 թվականին՝ Սիրիայի Ղամիշլի քաղաքում՝ սասունցի հայերի ընտանիքում: Ուդ նվագող երաժիշտը ստեղծագործել է հիմնականում հայերեն, քրդերեն, արաբերեն: Ունի նաև ասորերեն և հունարեն ձայնագրված երգեր: Համարվում է քրդերենով ստեղծագործող լեգենդար երաժիշտներից մեկը:

2009 թվականին Աթենքում մահացած Արամ Տիգրանի վերջին կամքն էր թաղվել Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքում, որը, սակայն, այդպես էլ չիրականացավ:

Թուրքիայի քրդաբնակ քաղաքում անհայտ անձինք «ջնջել» են հայ երաժիշտ Արամ Տիգրանի անունը նրա անվան զբոսայգու ցուցանակից