Ջիգարխանյանի ընկերը հերքել է լուրերը, թե ոստիկանությունը կանգնեցրել է դերասանին կնոջ բնակարան ներխուժելու փորձի ժամանակ

10:12 • 01.11.17

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրը, թե ոստիկանությունը կանգնեցրել է հայտնի դերասանին իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան ներխուժելու փորձի ժամանակ, գրում է РИА Новости գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրի՝ Ջիգարխանյանին ոստիկանությունը կանգնեցրել է այն պահին, երբ նա փորձել է կոտրել տան կողպեքը, որտեղ Ջիգարխանյանը բնակվել է իր կնոջ հետ մինչ հիվանդանոցում հայտնվելը: Բնակարանը ձևակերպված է Վիտալինայի անունով:

«Հերթական սուտը: Արմեն Բորիսովիչը բնակարան է բարձրացել համատիրության ներկայացուցչի հետ, որպեսզի վերցնի իր փաստաթղթերը: Վիտալինան չտվեց ոչ մի փաստաթուղթ՝ այդ թվում ելքի անձնագիրը, բժշկական ապահովագրության թղթերն ու թոշակի վկայականները: Տան կողպեքը փոխված է եղել։ Նա իջել է ցած ու գնացել»,- պատմել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ ինքն անձամբ այդ օրը Մոսկվայում չի եղել, սակայն Ջիգարխանյանի հետ կապի մեջ է եղել հեռախոսով:

Նա դերասանի անունից խնդրել է լրագրողներին վերջ տալ քչփորել նրա անձնական կյանքը:

«Նրա համար դա շատ ցավոտ է, Արմեն Բորիսովիչը նման վերաբերմունքի արժանի չէ», - եզրափակել է դերասանի ընկերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջիգարխանյանի կինը՝ նրանից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ներընտանեկան սկանդալի ֆոնին լքել է Ռուսաստանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 82-ամյա Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր կնոջ հետ ընտանեկան վեճի հետևանքով առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: Այնուհետև դերասանը հայտարարել էր, որ կինն իսկական գող է ու սրիկա, որը յուրացրել է իր ամբողջ կարողությունը՝ այդ թվում նաև մի քանի բնակարան:

Ավելի ուշ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ թատրոնում գողացել են իր անձնագիրը, ինչին հաջորդել էր իրավապահների խուզարկությունը դերասանի հիմնած դրամատիկական թատրոնի շենքում:

Ջիգարխանյանի ընկերը հերքել է լուրերը, թե ոստիկանությունը կանգնեցրել է դերասանին կնոջ բնակարան ներխուժելու փորձի ժամանակ