Թուրքիայում հրատարակվել է Հակոբ Մնձուրիի «Ստամբուլյան հուշեր» գրքի թուրքերեն տարբերակը
Ստամբուլում հրատարակվել է արևմտահայ հայտնի գրող Հակոբ Մնձուրիի «Ստամբուլյան հուշեր» գրքի թուրքերեն թարգմանությունը, այս մասին տեղեկանում ենք Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության պաշտոնական կայքից:
Նշենք, որ «Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար դառնալ «պատուհան» դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին: Հրատարակչությունն ունի նաև արևմտահայերենով հրատարակված գրքեր:
Մնձուրիի՝ «Ստամբուլյան հուշեր» գիրքը ներառում է հայ գրողի՝ 1897-1940 թվականների հուշերը, որոնք ներկայացնում են Օսմանյան կայսրության փլուզման, Թուրքիայի հանրապետության հիմնադրման ու դրան հետևած բեկումնային շրջանների մասին պատմող մարդկային պատմությունները՝ համեմված տեղական կոլորիտով: Մնձուրին պատմում է վաղուց պատմություն դարձած Կ.Պոլիսի, Բեշիքթաշի, Հիսարի հացթուխների, հայ, հույն, թուրք, ալբանացի, մակեդոնացի արհեստավորների կյանքի մասին:
Մնձուրիի այս գործը առաջին անգամ հրատարակվել է 1993 թվականին:
1866 թվականին Էրզրումում ծնված Հակոբ Մնձուրին մահացել է 1978 թվականին Ստամբուլում: Նրա առաջին պատմվածքը՝ «Հարս ու կեսուր»-ը լույս է տեսել 1906 թվականին: 










