«Քարտերի տնակ» հեռուստասերիալի թիմի անդամները Սփեյսիին մեղադրել են սեռական ոնտձգությունների համար

14:17 • 03.11.17

«Քարտերի տնակ» հեռուստասերիալի նկարահանող խմբի ութը աշխատակից դերասան Քևին Սփեյսիին մեղադրել է սեռական ոնտձգությունների համար, հայտնում է CNN-ը:


Աշխատակիցներից մեկը հայտնել է CNN-ին, որ Սփեյսին սեռական ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ հեռուստասերիալի առաջին եթերաշրջաններից մեկի ժամանակ, երբ նա ավտոմեքենայով դերասանին բերելիս է եղել նկարահանման տաղավար:


Աշխատակիցների խոսքերով՝ Սփեյսին իր գործողություններով, որոնք հիմնականում կապվածեն եղել ոչ պատշաճ հպումների և սեռական բնույթի մեկնաբանությունների հետ, նկարահանումնան աշխատանքներում ներգրավված երիտասարդ տղաների համար «թունավոր միջավայր» էր ստեղծել:


Սփեյսիի ոտնձգությունների զոհ դարձած աշխատակիցների անունները չեն նշվում:


Լրատվամիջոցն, այնուամենայնիվ, նշում է, որ Սփեյսիին հատկապես հետաքրքրել են հենց երիտասարդ տղամարդիկ:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Քևին Սփեյսին որոշել է բուժում անցնել նրա շուրջ բռնկված սկանդալի ֆոնին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ «Էմմի» հեռուստամրցանակաբաշխությունը հրաժարվել է մրցանակ հանձնել Քևին Սփեյսիին: Դերասանը պետք է նոյեմբերին Հեռուստատեսային միջազգային ակադեմիայի կողմից «Էմմի» պատվո մրցանակ ստանար:


Ամերիկյան Netflix մեդիաընկերությունն իր հերթին հայտարարել է դերասան Քևին Սփեյսիի շուրջ ծագած սկանդալից հետո «Քարտերի տնակ» (House of Cards) հեռուստասերիալն այլևս չցուցադրելու որոշման մասին:


Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեփը Սփեյսիին հրապարակավ մեղադրել էր 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը հայտարարել է, որ թեև չի հիշում այդ միջադեպը, սակայն ներողություն է խնդրում դրա համար, ինչպես նաև խոստովանել է, որ ինքը միասեռական է: