Տեղի ունեցավ «Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» 4 լուսանկարիչների ֆոտո ցուցահանդեսի բացումը և «Եկել եմ, որ գնամ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

15:04 • 04.11.17

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 4–ին տեղի ունեցավ «Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» 4 լուսանկարիչների հեղինակած ֆոտո ցուցահանդեսի բացումը, որը նախաձեռնել էր տարածաշրջանում մեդիաոլորտում գործող «Չայխանա» ՀԿ-ն:  

Երկօրյա ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեց նաև լրագրող Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:  

Հինգ կանանց ֆոտոխցիկի օբյեկտիվում պատմություններ են այն կանանց առօրյա պայքարի մասին, որոնց ուժեղ են դարձրել կյանքի դժվարությունները:     

«Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմին ներկա էր նաև գլխավոր հերոսը՝ 105-ամյա Սաթենիկ Հակոբյանը, ով հեղինակի տատիկն էր: Հեղինակ Արուս Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ տատիկն էլ  ֆիլմն առաջին անգամ է դիտում և եթե դուր չգա, չի զարմանա, որ խստապահանջ տատի ձեռնափայտը գա իր ուղղությամբ: Տատին իր մասին ֆիլմը շատ դուր եկավ՝ հուզվեց:  

Tert.am-ի հետ զրույցում հեղինակ Արուս Հակոբյանը նշեց, որ տատիկին նկարելու միտքն իր գլխում վաղուց էր ծագել, և հարմար առիթ էր փնտրում իրականացնելու համար: «Երբ որ արդեն նման հնարավորություն կար՝ մտածեցի, որ տատիկին պետք է նկարեմ, ընդորում՝ իր տանը և այդ տան օրինակով ցույց տամ առհասարակ հայաստանյան գյուղերի վիճակը, թե ինչպես է մի մեծ տուն, որը կառուցվել է 7 տղաների համար, այսօր դատարկ է ու լքված, ոչ ոք չի ապրում և ընդհանրապես գյուղն է լքվում: Տատիկի միջոցով, մեր ընտանիքի միջոցով դա եմ փորձել ցույց տալ»,-ասաց նա:    

Ֆիլմը հեղինակի թվով երրորդ կարճամետրաժ վավերագրական ֆիլմն է, որում նա հանդես է եկել թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի, թե՛ մոնտաժողի դերում:        

Արուս Հակոբյանը նշեց, թե ֆիլմում տատն անցնում է կանանց խնդիրների կողքով՝ հիշում ամուսնու հետ համատեղ և առանց նրա անցկացրած 41 տարիների կյանքը, թե ինչպես է տուն կառուցել, թոնիր դրել, շենացրել ու հիմա տունը դատարկվել է:      

Հարցին, թե ինչքանո՞վ էր հեշտ նկարել հենց իր տատիկին՝ հեղինակը նշեց, որ և՛ դժվար էր, և՛ հեշտ: «Երբ գնացինք Գորիսի հարազատ Սվարանց գյուղ, տուն հասանք և տատը տեսավ քանդված, դատարկ ու անշունչ տունը՝ մոռացավ տեսախցիկի մասին: Նա անգամ իմ ծնողներին էր մեղադրում նման վիճակի հասցնելու համար»,- ասաց նա:

Նշենք, որ «Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» ցուցահանդեսը ներկայացնում էին «Չայխանայի» լուսանկարիչներ Քնար Բաբայանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի, Նազիկ Արմենակյանի և աշխատանքները` գյուղական համայնքներում ապրող կանանց մասին, թե ինչպես են նրանք հաղթահարում իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները:






Տեղի ունեցավ «Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» 4 լուսանկարիչների ֆոտո ցուցահանդեսի բացումը և «Եկել եմ, որ գնամ» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)