Մերիլին Մենսոնը բացատրել է՝ ինչու է Տեխասի հրաձգության օրը բեմի վրա հրացանի մուլյաժ հայտնվել

15:19 • 07.11.17

Ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը բացատրել է Տեխասի հրաձգության օրը բեմի վրա հրացանի մուլյաժի հայտնվելը: Այս մասին հայտնում է Variety-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին առնվազն 26 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի եկեղեցիներից մեկում կիրակնօրյա պատարագի ժամանակ հնչած կրակոցներից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մենսոնի համերգն անցկացվել է նույն օրը՝ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում, որտեղ 2015 թվականին նույնպես հրաձգություն է եղել՝ դառնալով 14 մարդու մահվան պատճառ:

Նշվում է, որ համերգի ժամանակ Մենսոնը հանդիսատեսին է ուղղել հրացանի մուլյաժը՝ արժանանալով քննդադատության:

«Մեր օրերում, երբ զանգվածային հրաձգությունը համարյա ամենօրյա բան է դարձել, սա թատերական ակտ էր. փորձեցի ցույց տալ, թե այսօր որքան հեշտ է կիսավտոմատ զենք գտնել և որքան նորմալ է դարձել այն տեսնելը»,- ասել է Մենսոնը:

Երաժշտի խոսքով՝ իր արվեստը միշտ փոփ մշակույթի արձագանքն է եղել, և այս կերպ ինքը փորձում է ստիպել մարդկանց մտածել աշխարհում տեղի ունեցող սարսափելի երևույթների մասին:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ դեռևս չի կարող լուծել զենքի վաճառքի վերահսկողության հարցը: 

Մերիլին Մենսոնը բացատրել է՝ ինչու է Տեխասի հրաձգության օրը բեմի վրա հրացանի մուլյաժ հայտնվել