Sony Pictures-ը փառատոնային ցուցադրությունից հանել է Քևին Սփեյսիի մասնակցությամբ ֆիլմը

11:00 • 07.11.17

Sony Pictures կինոընկերությունը որոշել է Կալիֆորնիայում անցկացվելիք AFI Fest կինոփառատոնի ցուցադրությունից հանել ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ Ռիդլի Սքոթի «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը՝ դերասանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հայտնում է Variety-ն:


Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կինոընկերությունը դիտարկել է նոյեմբերի 9-16-ն անցկացվելիք փառատոնից ֆիլմը հետ կանչելու, ինչպես նաև ֆիլմի պրեմիերան 2018 թվական տեղափոխելու մասին: Այնուամենայնիվ, ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմի պրեմիերայի ամսաթիվն անփոփոխ կմնա, այն կսկսի ցուցադրվել դեկտեմբերի 22-ին:


«Աշխարհի բոլոր փողերը» հիանալի ֆիլմ է և ավելի քան արժանի AFI Fest-ում իր պատվավոր տեղին: Բայց հաշվի առնելով դերասաններից մեկի նկատմամբ մեղադրանքները և տուժածների նկատմամբ հարգանքից ելնելով՝ տեղին չի լինի նշել ֆիլմի ցուցադրությունը նման դժվարին ժամանակահատվածում: Համապատասխանաբար, ֆիլմը կհանվի ցուցադրությունից»,- ասված է ընկերության հայտարարությունում:


Ընկերությունը նշում է, որ «ֆիլմը մի մարդու աշխատանք չէ», այդ պատճառով մի դերասանի գործողությունների համար բոլորին պատժելը «մեծ անարդարություն կլինի»:


Անցած շաբաթ դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ Սփեյսին մտադիր է բուժում անցնել: Ավելի ուշ հաղորդվել է, որ դերասանը ժամանել է ամերիկյան Արիզոնա նահանգ՝ «սեռական կախվածությունից» բուժվելու համար:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է համագործակցել սեռական ոտնձգությունների համար մեղադրված դերասան Քևին Սփեյսիի հետ «Քարտերի տնակ» սերիալի արտադրության համար:

 

Sony Pictures-ը փառատոնային ցուցադրությունից հանել է Քևին Սփեյսիի մասնակցությամբ ֆիլմը