Բրիթնի Սփիրսի նկարած նկարն աճուրդում վաճառվել է 10 հազար դոլարով (լուսանկար, տեսանյութ)

12:04 • 08.11.17

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի վրձնին պատկանող նկարը վաճառվել է աճուրդում։ Այն անցկացվել է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում:


Աճուրդից ստացված միջոցները կփոխանցվեն բարեգործական հիմնադրամի՝ Լաս Վեգասի երաժշտական փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին աջակցելու համար:

Vanity Fair-ի հաղորդմամբ՝ 35-ամյա Սփիրսը նկարում պատկերել է իր այգին. նրա աշխատանքը ձեռք բերելու համար «պայքար» է ծավալվել, և ի վերջո այն վաճառվել է 10 հազար դոլարով՝ ճանաչվելով աճուրդի լավագույն նմուշներից մեկը:

Սփիրսի խոսքով՝ ինքը շատ գոհ է մնացել աճուրդի արդյունքներից:

«Իմ նկարում պատկերված ծաղիկները նոր կյանքի սկիզբ են խորհրդանշում: Այսպիսի տրամադրվածությունն օգնում է մեզ առաջ գնալ: Ես գնահատում եմ ձեր առատաձեռնությունը, որը ցուցաբերել եք աճուրդի ժամանակ: Սիրում եմ քեզ, Լաս Վեգաս», - ասել է երգչուհին:

Հայտնի է, որ Սփիրսը եղել է առաջին աստղերից, որ ցավակցություն են հայտնել աղետի կապակցությամբ:


Այստեղ կարող եք դիտել՝ ինչպես է Սփիրսը նկարել կտավը:

 

 

 

Բրիթնի Սփիրսի նկարած նկարն աճուրդում վաճառվել է 10 հազար դոլարով (լուսանկար, տեսանյութ)