Հրապարակվել է Թոմ Հենքսի մասնակցությամբ «The Post» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «The Post» ֆիլմի թրեյլերը, որում գլխավոր դերերը կատարել են Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը: Այսպես կոչված «Պենտագոնի փաստաթղթերին» նվիրված ֆիլմի թրեյլերը հրապարակվել է YouTube-ի 20th Century Fox ալիքում:
Korrespondent-ի հաղորդմամբ՝ ֆիլմը ներկայացնում է իրական պատմական իրադարձության՝ «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ 1945-1967թթ. հետազոտություն» հավաքածուի հետ կապված սկանդալի մասին:
Հայտնի է, որ բացառապես ԱՄՆ ռազմական գերատեսչության համար նախատեսված այս փաստաթղթերը 1971 թվականին՝ Վիետնամական պատերազմի ժամանակ, մասնակիորեն հրապարակվել են տեղական լրատվամիջոցներում:
Նշվում է, որ Մերիլ Սթրիփը և Թոմ Հենքսը ֆիլմում կատարել են պարբերականների՝ հանուն ճշմարտության ռիսկի դիմող խմբագիրների դերը:
Սպասվում է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2017 թվականի դեկտեմբերի 22-ին:










