Sony Pictures-ը նոր ֆիլմից կկտրի Քևին Սփեյսիի մասնակցությամբ տեսարանները. Variety
Sony Pictures կինոընկերությունը և ռեժիսոր Ռիդլի Սքոթը պատրաստվում են կտրել «Աշխարհի բոլոր փողերը» նոր ֆիլմից Քևին Սփեյսիի մասնակցությամբ տեսարանները՝ դրանք փոխարինելով կանադացի դերասան Քրիստոֆեր Պլամերով, հայտնում է Variety ամսագիրը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կինոընկերությունը պատրաստվում է հանել ֆիլմը Կալիֆորնիայում AFI Fest կինոփառատոնի ցուցադրությունից՝ դերասանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո:
Ինչպես լրատվամիջոցին հայտնել են աղբյուրները, առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է կրկին նկարահանել բոլոր կադրերը, որոնցում ներկա է եղել Սփեյսին:
Նշվում է, որ շատ տեսարաններում Սփեյսիի կերպարը միակ հիմնական հերոսն է, սակայն որոշ էպիզոդներում մյուս դերասանները նույնպես ստիպված կլինեն կրկին նկարահանվել:
Չնայած սեղմ ժամկետներին՝ կինոընկերությունը չի շտապում տեղափոխել ֆիլմի պրեմիերան. ԱՄՆ-ում այն նախատեսված է դեկտեմբերի 22-ին:










