Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել դերասանից. գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա 38-ամյա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 27-ին:
Ինչպես նշում է ntv.ru-ն, այսօր մոսկովյան Կունցևո շրջանի դատարանը փակ ռեժիմով զրուցել է կողմերի ներկայացուցիչների հետ:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը տեղեկացրել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տվել է իր համաձայնությունն ամուսնալուծության համար:
Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ ունեցվածքի բաժանման մասին հարցը դեռևս ներառված չէ ամուսնալուծության գործընթացի շրջանակում:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Այնուհետև Ջիգարխանյանը կնոջից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:
«Պետբյուջեից Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնին հատկացված գումարները տեղափոխվում էին բանկ, իսկ այնտեղից դրանց մի մասը փոխանցվում էր օֆշորային ընկերություններին»,-ասել է զրուցակիցը:










