ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ Շիրխանյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն պետք է տրամադրվի

15:48 • 10.11.17

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Զինված հանցախմբի» գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի վերաբերյալ: Դատարանը գտել է, որ Վահան Շիրխանյանի ոչ պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվում, ինչը հավասար է խոշտանգմանը: Այս մասին Tert.am–ին հայտնեց նրա փաստաբան՝ Աննա Մայիլյանը:

«Առաջինը, ելնելով պարոն Շիրխանյանի առողջական վիճակից՝ անհապաղ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել և երկրորդ՝ կողմերը պետք է միասին բժշկական հանձնաժողով կազմեն, որը պետք է որոշում կայացնի, թե ինչ բուժօգնություն է հարկավոր պարոն Շիրխանյանին»,- ասաց փաստաբանը:

Դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և  պատժի տեսակների դեմ) կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձևով, իսկ դրա 3-րդ հոդվածը սահմանում է, որ «ոչ մի մասնակից պետություն չպետք է որևէ անձի արտաքսի, վերադարձնի (refouler) կամ հանձնի մեկ այլ պետության, եթե կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ այնտեղ նրան կարող են սպառնալ բանտային խոշտանգումները: Նման հիմքերի առկայությունը որոշելու համար իրավասու իշխանությունները նկատի են առնում գործին առնչվող բոլոր հանգամանքները, համապատասխան դեպքերում` նաև տվյալ պետության մեջ մարդու իրավունքների կոպիտ, աղաղակող և զանգվածային խախտումների պրակտիկան»։

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը, որը մի քանի ամիս առաջ ոտքերի տրոմբի վիրահատության ենթարկվեց, ներկայումս տեղաշարժվում է անվասայլակով: