ԱՄՆ-ն մեղադրել է իրանցի հաքերին «Գահերի խաղը» սերիալի էպիզոդները գողանալու համար
ԱՄՆ դատախազները մեղադրել են Իրանի քաղաքացուն այս ամառ HBO հեռուստաալիքի սերվերները կոտրելու և «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի չհեռարձակված էպիզոդները և սյուժեի ամփոփումները գողանալու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հաքերը սպառնացել է հրապարակել իր գողացած նյութերը, եթե նրան չվճարեն 6 միլիոն դոլար:
Մանհեթենի դատախազությունը հայտարարել է, որ Իրանի քաղաքացի Բեհզադ Մեսրին, ով հայտնի է նաև Skote Vahshat կեղծանունով, իր հանցագործությունն իրականացրել է լինելով Իրանում: ԱՄՆ դատական մարմիններն ընդգծել են, որ նա միևնույն է կբախվի հետևանքների, անգամ եթե հնարավոր չէ նրան անմիջապես ձերբակալել:
«Նա երբեք չի կարողանա դուրս գալ Իրանից առանց ձերբակալվելու և ԱՄՆ-ին արտահանձնվելու վախի»,- հայտարարել է դատախազ Ջուն Կիմը:
Մեղադրող կողմի խոսքերով՝ Մերսին փորձառու և պրոֆեսիոնալ հաքեր է, ով զբաղվում է ողջ աշխարհում համակարգչային համակարգեր կոտրելով:
Դատախազների խոսքերով՝ Մեսրին նաև աշխատել է Իրանի զինված ուժերի համար ռազմական համակարգերի, միջուկային ծրագրերի համակարգերի և Իսրայելի ենթակառուցվածքների վրա հարձակումներ իրականացնելու համար:










