Ամերիկյան երաժշտական ինդուստրիայի «ճարտարապետը». Նյու Յորքում մահացել է ջազային պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

10:38 • 23.11.17

Ամերիկացի անվանի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը, որն աշխատել է այնպիսի հռչակավոր ջազային կատարողների հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դևիսը, Դյուք Էլինգթոնը, 98 տարեկանում հեռացել է կյանքից:

Ինչպես հայտնում է New York Times-ը, հայազգի պրոդյուսերը մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Մանհետանի իր տանը: Մահվան լուրը հաստատել է նրա դուստրը՝ Անահիտ Ավագյանը:

Ավագյանը ծնվել էր 1919թ.՝ Ռուսաստանի Արմավիր քաղաքում բնակվող հարուստ հայերի ընտանիքում: Տղայի ծնվելուց  որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ ու հաստատվել Նյու Յորքում, որտեղ էլ երիտասարդ Ավագյանը տարվել է ջազով:

«Այն ժամանակ ջազը դեռևս նոր ուղղություն էր, սակայն Ավագյանը կանխազգացել է, որ այն դառնալու է հավերժական արժեք»,-նկատում է պարբերականը:

Նշվում է նաև, որ Ավագյանը համարվում է ամերիկյան երաժշտական ինդուստրիայի ճարտարապետներից մեկը:

Հետաքրքրական է, որ անվանի պրոդյուսերի բազմաթիվ մրցանակների շարքում կա ԽՍՀՄ բարձրագույն պարգևը՝ Լենինի անվան շքանշան, որը շնորհվել էր 1990թ.: Ավագյանի  անունը անմահացված է Ջազի փառքի պատին:

Հայտնի է, որ պրոդյուսերը հրաժարվել է երաժշտական գործունեությունից 1970-ական թվականներին ու վերջին տարիներին զբաղվում էր ձիերի բուծմամբ: Ավագյանն ամուսնացած էր ջութակահար Անահիտ Աճեմյանի հետ, որից ունի 3 երեխա:

Ամերիկյան երաժշտական ինդուստրիայի «ճարտարապետը». Նյու Յորքում մահացել է ջազային պրոդյուսեր Ջորջ Ավագյանը