Ֆառել Ուիլյամսը ձայնագրել է նոր երգ, որը հնարավոր կլինի լսել միայն 100 տարի հետո (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հայտնի կատարող Ֆառել Ուիլյամսը ձայնագրել է «100 տարի» կոչվող նոր երգ, որը հնարավոր կլինի լսել 2117թ. ոչ շուտ:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, երգը ստեղծվել է ուշագրավ նախագծի շրջանակում, որը կոչ է անում մտածել կլիմայական փոփոխությունների խնդրի մասին ու պայքարել դրանց դեմ:
Երգի ձայնասկավառակը, որը ստեղծվել է մեկ օրինակով՝ բացառապես բնական նյութերից, պահվում է ֆրանսիական Կոնյակ շրջանում գտնվող տներից մեկի նկուղի չհրկիզվող պահարանում: Եթե կլիմայական փոփոխությունները շարունակվեն, ապա տվայլ շրջանն առանձնատան հետ մեկտեղ կանցնեն ջրի տակ ու ձայնասկավառակը կվնասվի:
Սակայն եթե հնարավոր լինի պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ ու կանխել ջրային տարերքի «գրոհը», ապա մարդիկ 100 տարի հետո կկարողանան լսել Ֆառելի երգը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագիծն իրականացվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող LOUIS XIII ֆրանսիական բրենդի հետ համագործակցության արդյունքում:












