Եզրափակվեց Գրքի երևանյան առաջին փառատոնը. անտիպ գործերի մրցույթի հաղթող հեղինակները ստացան դրամական պարգևներ (լուսանկարներ)

22:42 • 26.11.17

Այսօր երեկոյան եզրափակվեց «Միհր ստեղծագործողների միության» նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Գրքի երևանյան առաջին փառատոնը՝ նվիրված գրքի տոնին: Եռօրյա փառատոնն ամփոփվեց ընթերցանության անտիպ գործերի մրցույթի արդյունքները հանրությանը ներկայացնելով:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ իրականության մեջ մենք ունեցանք եռօրյա գրքի և գրահրատարակչության մի հրաշալի երևանյան հրավառություն: «Հրավառություն, որ մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք կողքի բերել հրատարակչին և գրողին, ընթերցողին և գրքին»,- ասաց նա:

Արմեն Ամիրյանը համոզմունք հայտնեց, որ փառատոնի ընթացքում գրքերի ցուցադրությունը հաջորդ տարիներին դառնալու է միջազգային: Հույս հայտնեց, որ հաջորդ փառատոններին ավելի շատ ու շատ երիտասարդ ժամանակակից գրողներ կմասնակցեն:

«Ուստի բոլորս միասին կարող ենք այս եռօրյա տոնը վերածել շաբաթների և տասնօրյակների և էլ ավելի վառ պատկերացումներով փառատոնի հանդեպ գնանք դեպի 2018 թվական»,- ասաց նա:



Նշենք, որ այսօր ամփոփված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։ Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղու­թյուններն էին՝ արձակը, պոեզիան, դրամատուրգիան, մանկապատանեկան գրականությունը:

Դրամատուրգիա անվանակարգում երկրորդ մրցանակը ստացավ Անուշ Ասլիբեկյանը, առաջինը՝ Գուրգեն Խանջյանը: Մանկապատանեկան գրականության անվանակարգում երկրորդ մրցանակը ստացավ Էլֆիք Զոհրաբյանը, առաջինը՝ Սիլվա Հովհաննիսյանը:

Պոեզիայի անվանակարգում երկրորդ մրցանակը ստացավ Հուսիկ Արան, առաջինը՝ Ներսես Աթաբեկյանը, արձակի անվանակարգում երկրորդ մրցանակը ստացավ Հովհաննես Երանյանը, առաջինը՝ Համբարձում Համբարձումյանը:

Նշենք, որ հեղինակները մրցույթին ներկայացրել էին ապագա գրքից մի հատված: Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) ստացան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդ համար՝ 300 հազարական դրամ։



Մրցանակային գումարները պետք է փոխանցվեն Հայաստանում գործող այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծախսերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը՝ փոխադարձ համաձայնությամբ:

Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։ Գրքի երևանյան փառատոնին («Yerevan Book Fest»- ին) ներկայացվող ստեղծագործությունները նախկինում չեն հրատարակվել:

Նշենք նաև, որ Մասնագիտական ժյուրին և նախապես գրանց­ված ընթերցողները գնահատել են ներկայացված հայտերը՝ արդյունքում ընտրելով անվանակարգերի հաղթողներին։ Հանձնաժողովը ունի 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջինները գրանցվել են «Yerevan book fest»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:




Պոեզիայի անվանակարգում առաջին մրցանակը ստացած Ներսես Աթաբեկյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գրողի համար միշտ էլ հաճելի է գնահատված լինել:

«Իհարկե գրականությունը սպորտ չէ, որ հաղթես, չկա նման բան, բայց այնուամենայնիվ համեմատելիության խնդիր գոյություն ունի: Մանավանդ այս հոսքի մեջ, առաջին հերթին, երբ ես ինքս ինձ համար կարողանում եմ առանձնացնել հանձնաժողովի շնորհիվ, ինձ լավ եմ զգում: Իսկ մնացածը, Դովլաթովն ասում է՝ գրականությունը շարունակվում է…»,- նշեց նա: 

Խոսելով գրքի և գրականության արժևորման անհրաժեշտության մասին՝ բանաստեղծը նշեց, որ գրականությունը միշտ էլ հայ ժողովրդի համար կարևոր և սիրելի է եղել: «Հիմա մի քիչ դժգոհություն, տրտունջ կա, թե չենք կարդում, բայց դա այդքան էլ այդպես չէ, կարդացողը կարդում է: Պարզապես հիմա մի փոքր խզվել է հրատարակիչ-գրող կապը, գրահրատարակչական, գրապսառման հատվածում մենեջմենթի խնդիր կա: Սովետական տարիներին այդ օղակները հստակ աշխատում էին՝ գրող, հրատարակիչ, գրքի գովազդ, գիրք, ընթերցող: Հիմա այդ օղակները կան, բայց իրարից կտրված են աշխատում, ու այս փառատոնը փորձերից մեկն է՝ այդ շղթան նորից վերակազմավորելու: Երբ այդ շղթան վերակազմավորվի, ես համոզված եմ՝ գրախանութները նորից լիքն են լինելու»: 


Եզրափակվեց Գրքի երևանյան առաջին փառատոնը. անտիպ գործերի մրցույթի հաղթող հեղինակները ստացան դրամական պարգևներ (լուսանկարներ)