1.5 տարի է՝ որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չի այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարան. տնօրեն (տեսանյութ)

16:43 • 28.11.17

Արդեն 1.5 տարի է՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում եմ, բայց այս ընթացքում որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ երբևէ չի այցելել ո՛չ թանգարան, ո՛չ բանաստեղծի հիշատակի հուշահամալիրի մոտ կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը:

Նոյեմբերի 27-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում և նրա հիշատակին կառուցված հուշահամալիրում նշվել է բանաստեղծի մահվան 80-րդ տարելիցը:Եղիշե Չարենցի տուն-թանգարանը օրվա հետ կապված մի շարք միջոցառումներ էին  կազմակերպել: Ավանդույթի համաձայն նոյեմբերի 27-ի առավոտյան Չարենցի արվեստի սիրահարները այցելել են բանաստեղծի հիշատակին կառուցված հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհել, պատմություններ լսել Չարենցի մասին և հետո այցելել տուն-թանգարան:

Անահիտ Ասատրյանի տեղեկացմամբ՝ այս տարի, քանի որ 80-րդ տարելիցն է, որոշվել է բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումները երկու օր անցկացնել: Առաջին օրը չարենցյան ընթերցումներ են եղել, որից հետո բացվել է Չարենցի ընկեր Միքայել Առուչյանի նկարների ցուցահանդեսը, իսկ երկրորդ օրը բանաստեղծի տուն-թանգարանում մեր ժամանակի անվանի գրաքննադատների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի կյանքին ու գործունեությանը:

Ինչ վերաբերում է տուն-թանգարանի առաջիկա ծրագրերին, տնօրենը հայտնեց, որ նախատեսված է Եղիշե Չարենցի ակադեմիական հրատարակություն կազմակերպել, որովհետև նրա նախկին հրատարակությունները կիսատ են: Բացի այս, նպատակ կա Չարենցի հանրագիտարան և Չարենցի մատենագիտությունը հրատարակելու:

«Չարենցի մահվան տարբեր վարկածներ կան: Այսքան տարիների ընթացքում միայն կարողացել ենք հասկանալ, որ նա մահացել է երիկամների անբավարարությունից: Բայց մարդուն այդ վիճակի մեջ գցելու երևույթը, որ նա չկարողանա իր արժանապատվությունը և առողջությունը պաշտպանի, բնականաբար, ինչ-որ իմաստով կարող եմ ասել, որ սա սպանություն էր: Սովետական միության պաշտոնյաներից մեկն է ասել, չեմ հիշում կոնկրետ անունը, որ «Մենք կարողացանք ոսոխի ճիրաններից դուրս քաշել Բակունցին, բայց այդ ոսոխը բռնեց Չարենցի ձեռքը»: Սրանով հստակ ասվում էր, որ արդեն Չարենցի խնդիրը լուծված է»,- հայտնեց Անահիտ Ասատրյանը:

Տուն-թանգարանի տնօրենը նաև անդրադարձավ «Խավարում» ցուցադրության շուրջ ստեղծված աղմուկին, որը նույնպես նվիրված էր սովետական բռնատիրության զոհերի հիշատակին: Հիշեցնենք, որ ցուցադրությունը կազմակերպել էր Հ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, որը հետագայում մշակույթի նախարարության որոշմամբ փակվել էր, և այս օրերին ցուցադրությունը վերաբացվելու է Երևանում, Վանաձորում և Գյումրիում։

«Մենք պարտավոր ենք ուղղակի հասարակության լայն շերտերին տեղեկացնել այդ դեպքերի մասին: Ես համարում եմ, որ որպես հայ մարդ մենք պետք է պահենք մեր արժանապատվությունը, հարգենք մեր մեծերին և ըստ արժանվույն բարձրաձայնենք այս խնդիրները»,- նշեց Անահիտ Առաքելյանը:

Հարցին, թե պաշտոնյաները, քաղաքական գործիչները մասնակցել են Չարենցի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ընդհանրապես այցելում են տուն-թանգարան, տնօրենը պատասխանեց, որ իր պաշտոնավարման 1.5 տարվա ընթացքում Չարենցի տուն-թանգարան որևէ պաշտոնյա երբևէ չի այցելել:

«Իհարկե, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ի պաշտոնե է եկել թանգարան, թանգարանի խնդիրների շուրջ ենք զրուցել, բայց եթե ասենք օրինակ՝ ֆինանսների նախարարն է եկել Չարենցի տուն-թանգարան, երանելի վիճակ կլիներ, եթե իհարկե, այդպես լիներ, բայց այդպես չէ: Հիմնականում չեն գալիս: Ճիշտ կլիներ գային, տեսնեին, թե թանգարանը ինչի կարիք ունի կամ ինչով կարող են օգնել: Եվ վերջապես այս թանգարանը միայն իրենց համար չէ, իրենց երեխաների համար էլ է: Հասկանալի է, պաշտոնյաները բազմազբաղ են, բայց իրենց երեխաների համար թանգարանը շատ կարևոր է, լավ կլինի քնելուց առաջ մի պահ սրա մասին մտածեն»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում:

 



1.5 տարի է՝ որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չի այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարան. տնօրեն (տեսանյութ)