Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին կդատեն դերասանուհուն «սեքս-ստրկության» մեջ պահելու համար
Բրիտանացի դերասանուհի Կադիան Նոբլը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել ազդեցիկ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ՝ նրան մեղադրելով իրեն «սեքս-ստրկության» մեջ պահելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, կնոջ պնդմամբ՝ պրոդյուսերը, օգտագործելով իր հզոր ազդեցությունը, ստիպում էր ֆիլմերում դերերի դիմաց սեռական կապի մեջ մտնել իր հետ:
Հայցում Նոբլը մանրամասնել է, որ 2014թ. Վայնշտեյնն իրեն հրավիրել է հյուրանոցային համար ու, դերերի վերաբերյալ բազմաթիվ խոստումներ տալով, ստիպել իր հետ սեքսով զբաղվել:
Մինչդեռ պրոդյուսերի ներկայացուցիչները հայտարարել են, որ Վայնշտեյնն առանց կնոջ համաձայնության նրա հետ սեքսուալ կապի մեջ չի մտել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին մի քանի տասնյակ կին Վայնշտեյնին մեղադրել է սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների համար: Նրանց թվում են Կառա Դելևինը, Լեա Սեյդուն ու Անջելինա Ջոլին:
Սկանդալից հետո, Հարվի Վայնշտեյնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից: Նրա անդամակցության ավարտի մասին որոշումը կայացվել է կինոակադեմիայի արտահերթ խորհրդակցության արդյունքում, որին ներկա են գտնվել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգը, Թոմ Հենքսը, Քեթլին Քենեդին և Վուպի Գոլդբերգը:
Այս քայլով վերջնական հարված է հասցվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերի կարիերային, որին ավելի վաղ ժամանակավորապես հեռացրել էին իր իսկ հիմնած Miramax և Weinstein Company ընկերություններից:
Վայնշտեյնի անդամակցությունը դադարեցրել է նաև BAFTA բրիտանական կինոակադեմիան:
Ամերիկյան կինոակադեմիայից նշել են, որ այս որոշումը կայացրել են կինոարվեստում ամոթալի վարքին և սեռական ոտնձգություններին վերջ դնելու նպատակով։










