Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է լրագրողների պատճառով. լրատվամիջոցներ

16:32 • 13.04.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է, երբ ռուսական «Առաջին ալիք»-ի լրագրողները փորձել են ներխուժել նրա բնակարան ու ամեն գնով նրանից հարցազրույց վերցնել: Այս մասին dni.ru-ին պատմել է դերասանի մտերիմ ընկեր Արթուր Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ 82-ամյա Ջիգարխանյանը, դիտելով «Թող խոսեն» թոք շոուի երկու թողարկում, ասել է, որ այդ ամենը շատ ստոր է ու անբարո և որ ինքն այլևս չի ցանկանում այդ մարդկանց հետ գործ ունենալ:

Սողոմոնյանը հավելել է, որ թեև Ջիգարխանյանն էությամբ ուժեղ մարդ է, սակայն այդ ամենը նրա առողջության վրա բացասական ազդեցություն է թողել:

«Նրա մոտ միանգամից խնդիրներ են առաջացել շաքարախտի, արյան ճնշման ու սրտի աշխատանքի հետ կապված: Բժիշկները ստիպված էին կաթիլային ու լիակատար հանգիստ նշանակել, բայց հոգեկան վիճակը, ցավոք, դեղահաբերով չես բուժի: Բժիշկը խստիվ արգելել է սուր հուզական սթրեսների ենթարկվել: Ցանկացած նորմալ մարդու համար ծանր կլիներ այս մղձավանջի միջով անցնելը, երբ մի խումբ անառողջ մարդիկ փորփրում են անձնական կյանքդ, քննարկում են կեղծ փաստեր ու այդ ամենն ի լուր աշխարհի հայտարարում: Նրա տարիքի մարդու համար, որը վերջերս ուժեղ սթրեսի է ենթարկվել և ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, այս վիճակն ուղղակի անտանելի է: Նա խորապես վիրավորված է»,-ասել է Սողոմոնյանը:

Հայտնի է, որ ռուսական թոք շոուները չեն պատրաստվում վերջ տալ Ջիգարխանյանի՝ նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սկանդալային ամուսնալուծության թեմայի շուրջ հաղորդումներին, քանի որ դրանք բարձր վարկանիշ են ունենում:

Սողոմոնյանն ընդգծել է, որ, ցավոք, օրենքի շրջանում հնարավոր չէ արգելել մեդիայի միջամտությունը Ջիգարխանյանի անձնական կյանքին:

Նա նաև նշել է, որ այժմ սիրված դերասանի մոսկովյան բնակարանը գտնվում է 24-ժամյա հսկողության տակ, իսկ Ջիգարխանյանի կողքին բուժքույր է հերթապահում:

 

 

Ջիգարխանյանի ինքնազգացողությունը վատացել է լրագրողների պատճառով. լրատվամիջոցներ