Սիրիայի օդային տարածքով անցնող Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել է
Ապրիլի 16-ին նախատեսված Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ չվերթը, որը պետք է անցներ Սիրիայի օդային տարածքով, չեղարկվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:
««Արմենիա» ավիաընկերությունը, որը Երևան-Բեյրութ-Երևան երթուղով թռիչքներ է իրականացնում, չեղարկել է մեկ չվերթ։ Այդ երթուղուց օգտվող քաղաքացիներին ավիաընկերությունը տեղեկացրել է չեղարկման մասին և առաջարկել է այլընտրանքային տարբերակ»,-հայտնեց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկել:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքի ուղղությամբ հնարավոր հարվածների ֆոնին խոշորագույն ավիաընկերությունները փոխել են իրենց երթուղիները, ինչի հետևանքով սովորաբար ծանրաբեռնված երթուղիները դատարկվել են, հայտնում է The New York Times-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հինգշաբթի Ավիափոխադրումների անվտանգության հարցերով եվրոպական գործակալության ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 10-ից ավիաընկերություններին Սիրիայի ուղղությամբ հնարավոր հարվածները հաշվի առնելու առաջարկը խորհրդատվական բնույթ է կրել: Այնուամենայնիվ, խոշորագույն ավիաընկերությունները նախընտրել են չօգտագործել Սիրիայի տարածքով անցնող ճանապարհները:










