Նիժնի Նովգորոդում պատ է փլուզվել. ընկած աղյուսներից 7 մեքենա վնասել է

20:07 • 13.04.18

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել. պահեստի պատի աղյուսների մի մասը փլուզվել է՝ վնասելով պահեստի կողքին կայանված մեքենաներից 7-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՆԳՆ Նիժեգորդյան մարզի տարածքային վարչության հաղորդագրությունը:

«Փլուզվել է պահեստի պատին շարված աղյուսների մի մասը: Այդ հատվածում պատը կրկնակի շարվածք է ունեցել: Արտաքին շարքի մի մասը փլուզվել է, ինչի հետևանքով վնասվել է գազատարը: Գազատար խողովակն ու աղյուսներն ընկել են ճանապարհի երկայնքով կայանված մեքենաների վրա: 7 մեքենա է վնասվել: Մարդկանց շրջանում տուժողներ չկան», - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Գազպրոմի» տարածքային բաժանմունքից տեղեկացրել են, որ գազի արտահոսք տեղի չի ունեցել միջադեպի հետևանքով: Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն որևէ վտանգ չկա: